Բաժիններ՝

«Կորոնավիրուսի հետ կապված համապատասխան աշխատանքներ են տարվում, որ պայմանագրայինները մաքսիմալ զերծ մնան շփումներից, հավաքույթներից». Շուշան Ստեփանյան

ԶՈւ-ում ամեն ինչ վերահսկվում է՝ ՀՀ-ում նոր կորոնավիրուսի վարակի արձանագրված դեպքերով պայմանավորված, շարունակվում են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները: 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ տարածաշրջանում, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում արձանագրված նոր կորոնավիրուս  հիվանդության դեպքերի հետ կապված, փետրվարի 25-ից ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների և հարազատների այցելությունները, պարտադիր ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները, այդ թվում՝ վերականգնողական (բուժական) արձակուրդների տրամադրումը (բացառությամբ «Ես եմ» ծրագրով զինվորական ծառայություն անցնող զինծառայողների):

Իսկ թե ինչպե՞ս է խնդիրը վերահսկվում  կամ վերահսկվելու  պայմանագրային ծառայողների դեպքում, որոնք մոտ 2 շաբաթ ծառայությունից կամ մարտական հերթապահությունից հետո  տուն են գնում և հետո նորից վերադառնում, 168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանն ասաց, որ «14 օր իրենք դիրքերում են, և իրենց շփումը դադարեցված է լինում»:

«Գոյություն ունի համապատասխան հրաման, որ մարտական հերթապահությունը ստանձնելուց առաջ անձնակազմը բուժզննում է անցնում: Դա պարտադիր է ոչ միայն կորոնավիրուսի դեպքում, այլ առհասարակ մարտական հերթապահությունից առաջ  ստուգվում է  տվյալ մարդու առողջական վիճակը և նոր միայն իրեն թույլատրվում է ստանձնել մարտական հերթապահություն: Իսկ երբ մարտական հերթապահությունից անձնակազմն իջնում է, խոսքը պայմանագրայինների մասին է, կորոնավիրուսի հետ կապված համապատասխան աշխատանքներ են տարվում, որ նրանք մաքսիմալ զերծ մնան շփումներից, հավաքույթներից»,- նշեց ՊՆ մամուլի քարտուղարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս