
Ազգային ժողովում հակահամաճարակային գործողություններ կիրականացվեն

Նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, Ազգային ժողովում հակահամաճարակային գործողություններ կիրականացվեն։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը:
«ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմը պլանավորել և հնարավորինս արագ իրականացնելու է հակահամաճարակային հետևյալ գործողությունները.
- Պատասխանատու վերաբերմունք առաջացած խնդիրներին:
- Բոլոր մասնաշենքերի եւ անցակետերի ախտահանում,
- Բոլոր աշխատակիցների ջերմության ստուգում օրական 3 անգամ,
- Վերջին ամիսներին արտերկիր մեկնած աշխատակիցներին տնային պայմաններում առցանց աշխատելու թույլտվություն,
- Դիմակների ձեռք բերում եւ անվճար տրամադրում աշխատակիցներին եւ պատգամավորներին,
- Բոլոր հնարավոր հարմար տեղերում ալկոգելերի տեղադրում,
- Ճաշարանից օգտվելու պայմանների փոփոխություն,
- Բոլոր աշխատասենյակներում համաճարակից պաշտպանվելու տեղեկատվական նյութերի փակցնում, սենյակների անընդհատ օդափոխում»,- գրել է Գալստյանը:Հայաստանում այս պահին առկա է կորոնավիրուսի 8 հաստատված դեպք: