Բաժիններ՝

«Օրական արտադրվում է 6-7 տոննա «Ալկոգել»». Գեղամ Գևորգյան

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի խոսքով՝  դեղատներում ամեն օր իրականացնում են դիտարկումներ։

««Ալկոգելի» մասով երեկ հանդիպումներ ենք ունեցել ներքին արտադրողների հետ, օրական արտադրվում է 6-7 տոննա «Ալկոգել», խնդիրն այն է, որ խոշոր դեղատներն այն ստանում են,  որը շատ արագ սպառվում է։ Չեմ կարող ասել, թե ամբողջ հանրապետությունում սպառումը որքան է, բայց մեր հաշվարկներով՝ այն կարծես  բավարար է, քանի որ պահեստավորված որոշակի խմբաքանակ կա։ Եթե ուսումնական հաստատություններում այն անհրաժեշտ լինի, ապա բավարար խմբաքանակ կտրամադրենք»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Գեղամ Գևորգյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ «Ալկոգելի»  գնային որևէ փոփոխություն  չի եղել, ինչ վերաբերում է դիմակներին, ապա դրանց գինը  որոշ չափով բարձրացել է, քանի որ դրանք ձեռք են բերվել տարբեր աղբյուրներից։

«Սրան զուգահեռ՝  տնտեսվարողները մեզ հայտնում են, որ միտում կա գների նվազման, քանի որ Չինաստանն էլ է առաջարկել դիմակների վաճառք, հիմա մեծածախ շուկայում կան 150-200 դրամով դիմակներ։ Եթե պետությունը կարիք ունենա ձեռք բերելու, ապա մեծ ծավալով դիմակների խմբաքանակ է մտել Հայաստան, նաև հայ տնտեսվարողներն են սկսել դիմակի արտադրությունը, իհարկե, շատ փոքր ծավալով»,-շեշտեց նա։

Գեղամ Գևորգյանը նաև ընդգծեց, որ հանդիպել են խոշոր առևտրի կենտրոնների տնտեսվարողների հետ, և նրանց մոտ որևէ խնդիր կամ խուճապ չի եղել, միայն երկու օր է եղել, երբ սննդի առումով քաղաքացիները խոշոր ծավալի գնումներ են կատարել։

Հիշեցնենք, որ այսօր Կառավարությունում վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցավ Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի փակ նիստ, որին մասնակցում էին տարբեր գերատեսչությունների ղեկավարներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս