Հունաստանի առաջին կին նախագահը երդմնատվությունից հետո ստանձնեց պաշտոնը
Հունաստանի նոր նախագահ Եկատերինա Սակելարոպուլուն երդում է տվել եւ ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը: Արարողությունը տեղի է ունեցել մարտի 13-ին երկրի խորհրդարանի հատուկ նիստում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին: Սակելարոպուլուն առաջին կինն է դարձել հունական պետության նախագահի պաշտոնում:
Ավանդույթի համաձայն, պետության ղեկավարի երդումն ընդունել է Աթենքի եւ Համայն Հունաստանի արքեպիսկոպոս Իերոնիմը՝ Սինոդի անդամների ներկայությամբ: Երդմնատվությունից հետո նոր նախագահը, խորհրդարանի նախագահը, վարչապետը եւ արքեպիսկոպոսը արձանագրություն են ստորագրել պետության նոր ղեկավարի պաշտոնակալության մասին: Հունաստանի նախագահի լիազորությունները սահմանափակված են հիմնականում ներկայացուցչական գործառույթներով, նա օժտված չէ գործադիր իշխանությամբ: Հիմնական իշխանությունը պատկանում է վարչապետին:
Նախագահը երկիրը ներկայացնում է միջազգային ասպարեզում, ստորագրում է պայմանագրերը, նշանակում վարչապետին, ընդունում դիվանագիտական ներկայացուցիչներին: