Բաժիններ՝

Կորոնավիրուս է հայտնաբերվել Իսպանիայի եւս մեկ նախարարի մոտ

Կորոնավիրուս է հայտնաբերվել Իսպանիայի տարածքային քաղաքականության եւ պետական ծառայության նախարար Կարոլինա Դարիասի մոտ: Այդ մասին հայտնել է թագավորության կառավարությունը։

«Սահմանված կարգին համապատասխան, հինգշաբթի առավոտյան անալիզներ են վերցրել կառավարության բոլոր անդամներից: Նշված թեստերը դրական արդյունք են տվել միայն տարածքային քաղաքականության եւ պետական ծառայության նախարարի մոտ»,-ասված է կառավարության հաղորդագրության մեջ:

Հինգշաբթի առավոտյան երկրի իշխանությունները հաստատել էին կորոնավիրուսով իրավահասարության հարցերի նախարար Իրենե Մոնտերոյի վարակվելը: Դրանից հետո նախարարների կաբինետի բոլոր անդամները, ինչպես նաեւ Իսպանիայի Ֆիլիպ Վեցերորդ թագավորը եւ նրա տիկինը՝ Լետիսիան, կորոնավիրուսի թեստ են հանձնել:

Իսպանիայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է հունվարի 31-ին. հիվանդացածների թիվն սկսել է կտրուկ աճել Իտալիայում համաճարակի տեղային բռնկումից հետո: Ախտահարվածների ընդհանուր թվի մոտավորապես կեսը հայտնաբերվել է Մադրիդի ինքնավար հանրակցությունում: Ինչպես մարտի 12-ին հայտնել է «Պայիս» թերթը, Իսպանիայում կորոնավիրուսի տարածման սկսվելուց ի վեր երկրում գրանցվել է դրանով վարակվելու գրեթե 3 հազար դեպք: Հրատարակության տեղեկատվությամբ, մահացել է 84 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս