Ովքե՞ր են ՀՀ քաղաքացուն ահաբեկողները. Ոստիկանությունը զբաղվում է
Երեկ համացանցում հրապարակվեց մի տեսանյութ, որում իրենց հեղափոխության պահապաններ կոչած անձինք, զինվորական հագուստներով, փնտրել ու գտել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին քննադատական, իրենց խոսքով` հայհոյական արտահայտություններ թույլ տված տղամարդուն ու խմբով, սպառնալիքներ հնչեցնելով` պարտադրում էին վերջինիս ներողություն խնդրել։
Տեսանյութից երևում է, որ տարածքը մարդաշատ է, «հեղափոխության պահապաններն» էլ չէին խորշում իրենց դեմքերը ցույց տալ ու հոխորտալ։ Այնպես որ՝ պետք է որ Ոստիկանության համար առանձնապես բարդություն չներկայացնի, թե ովքեր էին ՀՀ հպարտ քաղաքացուն ահաբեկողները։
Ոստիկանությունից 168.am-ի հարցին ի պատասխան` հայտնեցին, որ հրապարակմանը ծանոթ են, կուսումնասիրեն ու լրացուցիչ կտեղեկացնեն արդյունքների մասին։
Հ.Գ. Ավելի ուշ Ոստիկանությունից 168.am-ին տեղեկացրին, որ հրապարակման հիման վրա ոստիկանության Նաիրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում: