
Բրյուսելում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ժոզեֆ Բորելի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։
Ինչպես հաղորդում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները կարևորել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ինտենսիվ զարգացումը և քննարկել Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին հետագա աջակցությանը վերաբերող հարցեր: Ժոզեֆ Բորելը հաստատել է Եվրոպական միության պատրաստակամությունը՝ աջակցելու բարեփոխումների իրականացմանը: Նա ողջունել է կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական և այլ ոլորտներում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները և ՀՀ կառավարության հաստատակամ ու հետևողական քայլերն այդ ուղղութամբ:
Որպես ՀՀ-ԵՄ համագործակցության կարևոր բաղադրիչ ՀՀ վարչապետը և Ժոզեֆ Բորելն անհրաժեշտ են համարել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի` ԵՄ պետությունների կողմից հնարավորինս արագ վավերացումն ու դրա լիարժեք կիրարկումը:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-Եվրամիություն մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հնարավորություններին:
Մտքեր են փոխանակվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի շուրջ: Ժոզեֆ Բորելը վերահաստատել է Եվրամիության աջակցությունը հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: