«Թող նեղվեն դրա վրա միլիոններ աշխատողները, որոնց անունները նույնիսկ հայտնի չեն, ու նրանք, ովքեր դրա դեմ պայքարելու փոխարեն՝ Ամուլսարի դեմ են պայքարում փողի դիմաց»
Ինչպես հայտնի դարձավ անցյալ շաբաթ, «Լիդիան» ընկերության հայաստանցի բաժնետերերի մի խումբ գործընթաց է սկսել, որ կարող է հանգեցնել նաև դատական հայցի՝ պահանջելով կառավարությունից վերականգնել Ամուլսարի պարապուրդի հետևանքով իրենց կրած վնասը։ Նրանց, ամենայն հավանականությամբ, միանալու են նաև այլ բաժնետերեր։ Մեզ հաջողվեց կապ հաստատել դիմումատուներից մեկի հետ, որն առայժմ չցանկացավ, որ իր անունը հրապարակվի՝ ասելով, թե դա կարվի արդեն դատական հայցի դեպքում։ Սակայն պատասխանեց մեր մի քանի հարցերի։
– Ի՞նչն է ձեր բողոքի հիմքում։
– Մենք ձեռք ենք բերել օրինական գործունեությամբ զբաղվող ընկերության բաժնետոմսեր: Մարդիկ կան, որ իրենց ողջ խնայողություններն են դրել այդ բաժնետոմսերում՝ ակնկալելով, որ մի քանի տարի հետո այդ դիվիդենտներով, օրինակ, իրենց երեխայի ուսման վարձն են տալու: Կառավարությունը հայտարարել է, որ Ամուլսարի ճանապարհների շրջափակումն ապօրինի է, կա դատական որոշում, որ ապօրինի է, ոչ մի իրավական հիմք չկա «Լիդիանի» գործունեությունը արգելելու, բայց համարյա երկու տարի կառավարությունը ոչինչ չի անում օրենքը վերականգնելու համար: Մենք առայժմ դիմել ենք կառավարությանը, որ միջոցներ ձեռնարկի մեր իրավունքների վերականգնման համար: Հետագայում պատրաստ ենք դիմել դատական պաշտպանության՝ ընդհուպ մինչև Եվրոպական դատարան՝ մեր կորցրած ներդրումները վերադարձնելու պահանջով:
– Խոսքն ի՞նչ գումարի մասին է:
– Չեմ կարող այս պահին թիվ ասել, բայց գիտեմ, որ «Լիդիանն» ունի առնվազն հարյուրավոր հայաստանցի բաժնետերեր: Եթե հայցին միանան նաև սփյուռքահայերը, հաշվի առնելով ապագա կորցված եկամուտը՝ խոսք կարող է գնալ միլիոնավոր դոլարների մասին:
– Բայց արդյո՞ք ճիշտ եք համարում, որ սփյուռքահայերը խառնվեն Ամուլսարի շուրջ որոշմանը։
– Իսկ ինչո՞ւ որոշ սփյուռքահայեր կարող են ֆինանսավորել ճանապարհներն ապօրինի փակողներին, ու Կանադայում կամ ԱՄՆ-ում նստած որոշեն՝ Հայաստանում Ամուլսար լինի՞, թե՞ ոչ, իսկ Հայաստանում օրինական ներդրում արած սփյուռքահայերը իրավունք չունե՞ն իրենց իրավունքները պաշտպանել:
– Իսկ դո՞ւք չեք նեղվում, որ կարող են մեղադրանքներ հնչել, որ բնության հաշվին ձեր եկամուտն եք հետապնդում:
– «Լիդիանը» Հայաստանում ամենաբարձր ստանդարտներով աշխատող ընկերությունն էր, ամենաթափանցիկ ընկերությունն էր, ու մեր նման շարքային հայաստանցիները կարող էին ձեռք բերել ընկերության բաժնետոմսեր: Այսօր Հայաստանում հանքեր կան, որոնց պոչամբարները գետերն են թափվում, ու այդ հանքերը հանգիստ աշխատում են: Թող նեղվեն դրա վրա միլիոններ աշխատողները, որոնց անունները նույնիսկ հայտնի չեն, ու նրանք, ովքեր դրա դեմ պայքարելու փոխարեն՝ Ամուլսարի դեմ են պայքարում փողի դիմաց: Թող նեղվեն նման իրավիճակը թույլ տվող պատկան մարմինները: Նրանք են Հայաստանի շահերին հարվածում: Մենք ամենամաքուր ծրագրում օրինական ներդրում ենք արել, ոչ մի օրենք չենք խախտել ու մեր իրավունքները մինչև վերջ պաշտպանելու ենք: