«Զարմանալին այն է, որ այս թերացումների համար մարդիկ պարգևավճարներ են ստանում». Երևանի ավագանու անդամը՝ քաղաքային իշխանության կողմից որոշ կետերի թերակատարման մասին
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն ուսումնասիրել է Երևան քաղաքի 2019թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը և եկել այն եզրակացության, որ քաղաքային իշխանության կողմից որոշ կետեր թերակատարվել են, ու սա՝ այն դեպքում, երբ մայրաքաղաքն ունի համապատասխան աշխատանքների համար բյուջեով նախատեսված գումարները:
«Օրինակ՝ վերցնենք ոռոգման ցանցը: Անցած տարի շոգ ամառ էր, չջրվեցին այգիները, ու ունեցանք ծառերի չորացում: Ոռոգման համար հատկացված գումարը կար, բայց կատարողականը թերի էր: Խոսում ենք տուրիզմի զարգացումից, բայց շենքերի գեղարվեստական լուսավորությունն էլի լիարժեք չի կատարվել: Խնդիրներ կան նաև ջրահեռացման համակարգի հետ կապված: Վերգետնյա անցումների կատարողականը ևս 15-20 տոկոսով է դեռ արվել: Աճառյան, Թբիլիսյան խճուղի և նմանատիպ մի շարք փողոցներում վերգետնյա անցումների կարիք կա: Փողը կա, բայց չի արվում: Ասում են՝ մրցույթում եղել է հաղթող, բայց նա չի արել, անբարեխիղճ է: Բա թող այնպիսի չափորոշիչներ սահմանեին, որ հավատ ներշնչող ընկերություններ հաղթեին: Ու զարմանալին այն է, որ այդ թերացումների համար մարդիկ պարգևավճարներ են ստանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Միքայել Մանրիկյանը:
Նրա խոսքով՝ 100 տոկոսով կատարել են Գետառի հետ կապված աշխատանքները, չնայած տեղեկություններ կան, որ ներկա պահին այն կրկին կեղտոտ վիճակում է:
«Անցած տարի պլանավորել էին նաև մանկապարտեզներ վերանորոգել, բայց չեն արել, մեկը թե երկուսն են վերանորոգել: Պոլիկլինիկաների հետ կապված էլ հատկացվել է 150 միլիոն դրամ, սակայն ընդամենը 105 միլիոնի աշխատանք է կատարվել: Այսինքն, կարող էին ևս մեկ պոլիկլինիկա վերանորոգել կամ հիմնանորոգել, բայց չեն արել: «Ջրահեռացման կոմունիկացիոն ցանցերի կառուցում» ծրագրով փաստացի ծախսը կազմել է 28մլն 260 հազար դրամ՝ նախատեսված 62մլն 210 հազար դրամի փոխարեն:
«Զբոսաշրջության զարգացում» ծրագրով փաստացի ծախսը կազմել է 20մլն 625 հազար դրամ՝ նախատեսված 132մլն դրամի դիմաց, կամ ընդհանուր կատարողականը կազմել է 15.62%: «Շենքերի գեղարվեստական լուսավորում» ծրագրով փաստացի ծախսը կազմել է 5 մլն 482.82 հազար դրամ՝ նախատեսված 46մլն 507.80 հազար դրամի դիմաց, կամ ընդհանուր կատարողականը կազմել է 11.79%:
«Փողոցների, հրապարակների և այգիների կահավորում» ծրագրով փաստացի ծախսը կազմել է 149 մլն 494.17 հազար դրամ՝ նախատեսված 281 մլն 500.0 հազար դրամի դիմաց, կամ ընդհանուր կատարողականը կազմել է 53.11%»,- մանրամասնեց Միքայել Մանրիկյանը:
Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարի փոխանցմամբ՝ հետիոտնային անցումների կառուցում և վերանորոգում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 75 մլն 537.91 հազար դրամ՝ նախատեսված 334 մլն 388.50 հազար դրամի փոխարեն:
Ոռոգման ցանցի կառուցում և վերանորոգում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 50մլն դրամ այն դեպքում, երբ նախատեսված է եղել 177մլն 584 հազար դրամ: