Աֆղանստանի նախագահը մարտի 10-ին բանտարկված թալիբների ազատման հրամանագիր կստորագրի
Աֆղանստանի գործող նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ մարտի 10-ին հրամանագիր կստորագրի «Թալիբան» արմատական շարժման բանտարկված կողմնակիցներին ազատ արձակելու վերաբերյալ: Այդ մասին մարտի 9-ին հայտնել է 1 TV հեռուստաալիքը։
Որպես Աֆղանստանի ղեկավար երդմնատվությունից հետո ունեցած իր ելույթում Ղանին հայտնել է, որ ինքը «վաղը հրաման կստորագրի բանտարկված թալիբների ազատման մասին»: Աֆղանստանի նախագահը «(«Թալիբան»-ի կողմից) բռնության մակարդակի զգալի նվազման» հույս է հայտնել Աֆղանստանի բանտերում պահվող թալիբներին ազատ արձակելու դիմաց»: Ղանին նաեւ նշել է, որ երկրի կառավարության պատվիրակությունը, որը բանակցություններ կսկսի «Թալիբան»-ի ներկայացուցիչների հետ, «վերջնականապես ձեւավորվելու է մինչեւ երեքշաբթի օրը»՝ մարտի 10-ը: Մարտի սկզբին Աֆղանստանի նախագահի մամուլի քարտուղար Սեդիք Սեդիքին հայտարարել էր, որ կառավարությունը «(բանտերից) «Թալիբան»-ի 5 հազար կողմնակիցների ազատման ոչ մի պարտավորություն չի ստանձնել մինչեւ հնարավոր (միջաֆղանական) բանակցությունների սկսվելը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: