Ո՞ր դեպքում 6 ամսով տարկետում կտրվի զորակոչի ենթարկվող քաղաքացուն. օրենսդրական փոփոխության նախագիծ
Կառավարության նախորդ նիստի օրակարգով ընդգրկված չզեկուցվող 23 հարցերից մեկն էլ վերաբերում էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծին: Նախագծով առաջարկվում է ընտանեկան պայմաններից ելնելով՝ 6 ամիս ժամկետով տարկետում տրամադրել հայտարարված զորակոչին զորակոչի ենթակա այն քաղաքացուն, ում ընտանիքի անդամը մահացել է հայտարարված զորակոչի ընթացքում:
Կառավարության դռնբաց նիստում՝ առանց քննարկելու, նախագիծը հավանության արժանացավ: Ըստ ներկայացրած հիմնավորման՝ առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է օրենքի գործողության ընթացքում ի հայտ եկած բացերը լրացնելու անհրաժեշտությամբ: Նախագծի հեղինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուկչյանի պարզաբանմամբ՝ գործող օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, ընտանեկան պայմաններից ելնելով, հայտարարված զորակոչին ենթակա քաղաքացուն տրվում է տարկետում, սակայն բաց է թողնված ընտանիքի անդամի մահվան դեպքը, որը խախտում է ընտանիքի մյուս անդամների կյանքի բնականոն ընթացքը, խախտում է մարդու հոգեկան հավասարակշռությունը: Արդյունքում՝ խնդիր է ծագում վերականգնել այդ հավասարակշռությունը:
Առաջարկվող այս փոփոխությամբ որոշակի անհավասարություն կառաջանա պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի նկատմամբ, ում ընտանիքի անդամի մահվան դեպքում այդ զինծառայողին տրվում է 5 օրացուցային օր ժամկետով լրացուցիչ արձակուրդ, և, որպեսզի ապահովվի հավասարությունը, առաջարկվում է նաև շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչից 6 ամիս ժամկետով տարկետում տալ այն քաղաքացուն, ում ընտանիքի անդամը (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր) մահացել է հայտարարված զորակոչի ընթացքում, և քաղաքացին գրավոր դիմել է իրեն տարկետում տրամադրելու համար։