Հալեպում վերականգնել են քաղաքի գլխավոր հիվանդանոցը
Սիրիայի իշխանությունները վերականգնել են Հալեպի գլխավոր հիվանդանոցը. այնտեղ գործում է 21 բաժանմունք՝ ժամանակակից ավտոմատացված սարքավորումներով եւ հարյուրից ավելի մասնագետներով:
«Մենք, վերջապես, հասանք անհրաժեշտ մակարդակին: Բայց եւ այնպես մասնագետների պակաս ունենք: Ոմանք մեկնել են պատերազմի ժամանակ, ոմանք՝ զոհվել»,-ռուս լրագրողներին պատմել է վիրաբուժական բաժանմունքի վարիչ Մանաֆ Շարբաջին:
Համալսարանական հոսպիտալը շարունակել է աշխատանքը պատերազմական գործողությունների ընթացքում եւ քանիցս ենթարկվել զինյալների գնդակոծություններին, բայց բժիշկները շարունակել են ընդունել պացիենտներին: Քաղաքի ազատագրումից հետո հիվանդանոցն սկսել են վերականգնել:
Սկզբում, բժիշկների խոսքով, փորձել են գնել ամերիկյան սարքավորումներ, բայց պատժամիջոցների պատճառով դա հնարավոր չի եղել: Այժմ հոսպիտալը հանդերձել են ժամանակակից եվրոպական սարքավորումներով: Ներկայում համալսարանական հոսպիտալն ընդունում է ոչ միայն Հալեպի, այլեւ Սիրիայի մյուս բնակավայրերի հիվանդներին: Այնտեղ նաեւ պրակտիկա են անցնում մոտավորապես 600 բժիշկ-ուսանողներ, որոնք շուտով կդառնան լիարժեք մասնագետներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: