
«Ազգային ժողովի չորս պատգամավորների և երկու աշխատողների թեստերը COVID-19 կորոնավիրուսի առկայության դրական արդյունք են տվել». Իլ դե Ֆրանս

Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) չորս պատգամավոր եւ երկու աշխատող են վարակվել նոր տիպի կորոնավիրուսով: Այդ մասին հայտնել է Իլ դե Ֆրանս տարածաշրջանի առողջապահության գործակալությունը (ARS)։
Ավելի վաղ BFMTV հեռուստաալիքը հայտնել էր Ազգային ժողովի երկու պատգամավորների վարակման մասին: Բժիշկները հաստատել են «Հանրապետականներ» կուսակցության պատգամավոր Ժան Լյուկ Ռեյցերի վարակումը կորոնավիրուսով: Նաեւ վարակվել է «Հառաջ, Հանրապետություն» կուսակցության պատգամավոր Էլիզաբեթ Տուտյու-Պիկարը:
«Ազգային ժողովի չորս պատգամավորների եւ երկու աշխատողների թեստերը COVID-19 կորոնավիրուսի առկայության դրական արդյունք են տվել: Կատարվում են սանիտարական հետազոտություններ, Ազգային ժողովի ծառայությունները վիրուսի հնարավոր տարածումը կանխելու միջոցներ են ձեռնարկել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բժիշկները հավելել են, որ երկու նոր հայտնաբերված պատգամավորները մեկուսացված են, պարզվում է նրանց շփումների շրջանակը: Նրանց կուսակցական պատկանելության մասին չի հաղորդվում: Երկրի սանիտարական գործակալությունը մարտի 8-ի երեկոյան տեղեկացրել է, որ Ֆրանսիայում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 1126-ի, մահացել է 19 մարդ: Կորոնավիրուսի տարածման ֆոնին Ֆրանսիայի իշխանությունները որոշում են ընդունել արգելել այն միջոցառումները, որոնց մասնակիցների թիվը գերազանցում է հազարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: