ՄԻՊ աշխատակազմն իրականացնում է հաջողակ կանանց ներկայացնող արշավ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտնում է #Դարձիր_օրինակ իրազեկման արշավի մեկնարկի մասին։ Դրա նպատակը հաջողության հասած կանանց ներկայացնելն է։ Այս մասին հաղորդում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։
«Սիրելի´ կանայք,
Մարտի 8-ը՝ կանանց միջազգային օրը ձեր իրավունքներն արժևորելու, նվաճումներին անդրադառնալու և կարևոր դերն ընդգծելու լրացուցիչ առիթ է:
Ձեր հաջողության յուրաքանչյուր պատմություն ոգեշնչման օրինակ է ու հասարակությունում իրական փոփոխությունների գրավական:
Որքա՜ն մեծ ակնածանքի է արժանի կինը, որ հաջողության է հասել խիզախության ու նպատակասլացության, կամքի ուժի շնորհիվ՝ հաղթահարելով հասարակության կարծրատիպերը և լրացուցիչ դժվարությունները:
Մենք մեկնարկում ենք հանրային իրազեկման նոր արշավ #Դարձիր_օրինակ կոչով:
Այս արշավի նպատակն է ցույց տալ կանանց, ովքեր հաջողել են: Նրանցից յուրաքանչյուրի հաջողության պատմությունը կարծրատիպ կոտրելու, դժվարություններ ու վախեր հաղթահարելու օրինակ է:
Դուք ևս կարող եք #Դարձիր_օրինակ կոչի ներքո մեզ ուղարկել ձեր պատմությունները, որոնք մենք կհրապարակենք և միասին կոգեշնչենք մեր հասարակությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։