
«Փողոցներ ու պուրակներ ենք անվանակոչել նշանավոր հայ կանանց անուններով». Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սիրելի՛ երեւանցիներ,
Այսօր Մարտի 8-ն է՝ կանանց միջազգային օրը: Հասարակության բոլոր անդամների համաչափ ներգրավվածությունը հանրային կյանքում ոչ միայն մարդու իրավունքներից բխող բնական անհրաժեշտություն է, այլեւ համայնքն ու պետությունը զորացնելու կարեւոր միջոց:
Ուրախ եմ արձանագրել, որ Երեւանի քաղաքային իշխանության, հատկապես՝ ավագանու կազմում մեծ է կանանց ակտիվությունը: Քաղաքային խնդիրներին վերաբերող ամենատարբեր նախաձեռնությունների հեղինակներն ու առաջ մղողները հենց մեր կանայք են: Հաճույքով պետք է նշել, որ մեր գործունեության այս ժամանակահատվածում հնարավորություն ենք ունեցել արժանավորելու կանանց գործունեությունը՝ մասնավորապես, փողոցներ ու պուրակներ անվանակոչելով նշանավոր հայ կանանց անուններով:
Գոհունակությամբ փաստեմ նաեւ, որ սկսել ենք բարելավել համայնքային կազմակերպություններում՝ հանրակրթութան, առողջապահության, մշակույթի, կոմունալ տնտեսության եւ այլ բնագավառներում ընգրկված կանանց աշխատանքային պայմանները: Թույլ տվեք հատո՛ւկ շնորհավորել այն կանանց, որոնք իրենց եռանդն ու տաղանդը ծառայեցնում են մեր քաղաքի զարգացմանը: Շնորհակա՜լ եմ Ձեր նվիրված եւ արհեստավարժ աշխատանքի համար:
Շնորհավորում եմ բոլորին եւ մաղթում նպատակասլացություն եւ լավատեսություն»: