Բաժիններ՝

Երբ մարդիկ ասում են «ամեն ինչ սկսել սկզբից», նկատի ունեն ամեն ինչ սկսել մաքուր, չապականված սկզբից՝ ծնունդից

Մարդիկ, հաճախ խոսելով փոխհարաբերությունների մասին, նշում են, որ կցանկանային վերադառնալ մանկության տարիներ, լինել, ինչպես մանուկ: Եվ երբ հերթը հասնում է Աստծո հետ հարաբերություններին, մարդիկ կրկին ցանկանում են նրա հետ հաղորդակցվել երեխայի պես:

Մանուկ լինելը կապվում է մի նոր սկզբի հետ: Այդպես Բեթղեհեմում ծնված Մանուկը դարձավ սկիզբը, ճանապարհը, ճշմարտությունը: Նա իր ծնունդով մարդկությանը բերեց նոր փուլ, աշխարհին լույս բերեց, ինքը դարձավ այդ լույսը: Եվ երբ մանուկ է ծնվում, յուրաքանչյուրն ունենում է նույն զգացումը, մտնում է իր կյանքում նոր՝ առավել լուսավոր փուլ: Տարբերությունը միայն այն է, որ Փրկչի ծնունդով նոր փուլ մտանք, Լույսին հաղորդակից եղանք յուրաքանչյուրս, իսկ ծնվող ամեն մանկան հետ վառվում է լույս՝ մեկ ընտանիքում:

Ամեն ինչ այս աշխարհում սկսվում է սկզբից` ծնունդից: Երբ մարդիկ ասում են «ամեն ինչ սկսել սկզբից», նկատի ունեն ամեն ինչ սկսել մաքուր, չապականված սկզբից՝ ծնունդից:

«Եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայություն չեք մտնի»,– պատգամում է մեր Տեր Քրիստոս: Սա նշանակում է, որ մարդ պետք է վերադառնա իր նախնական, անապական վիճակին, որ պետք է վերադառնա իր նախաստեղծ անմեղությանը, դառնա այնպիսին, ինչպիսին նրան ստեղծել է Աստված:

Մանուկներն, իսկապես, լավագույն օրինակ են մեզ համար ճշմարիտ քարիստոնյայի: Երեխան անվերապահորեն հավատում է իր ծնողին, ինչպես Աստծու ստեղծած մարդը պետք է անվերապահ հավատ ունենա առ Աստված:
Մանուկը խոնարհ է, պատրաստ սովորելու, անվերջ զարմանալու է ընդունակ, գնահատում է ծնողի յուրաքանչյուր քայլն, ու անգամ եթե սխալ է գործում և պատժվում է, հեշտ է նրա վերադարձը դեպի ճշմարիտը:

Մանուկների համար աղոթք

Տեր Աստված մեր, Սուրբ Հոգուդ սրբությամբ պահիր մեր երեխաներին, որպեսզի անարատ մնալով Քո կամքը կատարեն և անմեղությամբ հասնեն հավիտենական կյանքիդ:
Ուղղիր նրանց քայլերը, Քո լուսավոր պատվիրաններիդ մեջ պահելով նրանց, և իրենց ամբողջ կյանքի ընթացքում պահիր խաղաղ ու առանց մեղքի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհով. Ամեն:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս