Կինոինդուստրիան կարող է մինչև 5 միլիարդ դոլար կորցնել կորոնավիրուսի պատճառով
Համաշխարհային կինոինդուստրիան կարող է մինչեւ հինգ միլիարդ դոլար կորցնել կորոնավիրուսի տարածման կապակցությամբ ցուցադրությունների չեղարկման պատճառով: Այդ մասին հայտնել է THR-ը։ Չինաստանում փակ են բոլոր կինոթատրոնները, իսկ դրամարկղային մուտքերը Հարավային Կորայում եւ Իտալիայում զգալիորեն նվազել են: Ճապոնիայում վիրուսի պատճառով նվազել է կինոթատրոնների հաճախելիության մակարդակը:
Այս տարի հունվարի 24-ից մինչեւ փետրվարի 23-ը, երբ Չինաստանում ավանդաբար նշում են Նոր տարին, տոմսերի վաճառքից հասույթը կազմել է 4,2 մլն դոլար այն դեպքում, երբ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանում կինոդահլիճները վաստակել էին 1,76 մլրդ դոլար: Հարավային Կորեայում՝ մեծությամբ հինգերորդ կինոշուկայում, անցած հանգստյան օրերին տոմսերի վաճառքների ծավալն 80 տոկոսով ընկել է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ:
«Վախն զգացվում է գրեթե ֆիզիկապես: Իրադրությունը նման է 2009 թվականի խոզագրիպի հետ կապված պատմությանը, բայց այն ժամանակ Կորեայում եղել է 80 հազար հիվանդ»,-ասել է կինոթատրոնների խոշորագույն կորեական ցանցի՝ CGV-ի պաշտոնական ներկայացուցիչը:
Վերլուծաբանները կարծում են, որ ճյուղի կորուստներն ընդհանուր առմամբ կկազմեն առնվազն հինգ միլիարդ դոլար: Այդ թիվը կարող է խիստ աճել, եթե աշխարհի մյուս շուկաներում էլ դրամարկղային մուտքերն սկսեն նվազել:
Ըստ փորձագետների կանխատեսումների՝ դեռ մի քանի շաբաթ, իսկ ավելի շուտ նաեւ ամիսներ իրադրությունն արմատապես չի փոխվի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: