17-ամյա աղջիկներն ուզում են սովորել, ուսման վարձի գումար չկա

67-ամյա Անահիտ Իսպիրյանը, ով պահում է 17-ամյա զույգ թոռնուհիներին՝ օգնության  կարիք ունի: Ասում է՝ որդին ու հարսը տարիներ առաջ հեռացել են տնից, ամեն մեկը՝ իր ճանապարհով, ինքն ու ամուսինը պահել են աղջիկներին ու նրանց եղբորը, ով այս պահին ծառայում է ՀՀ Զինված ուժերում:

«Տղայիս երեխաներն են, 13 տարի է, ինչ գնացել են, երեխաների խնամակալը ես եմ: Ոչ մի օգնություն իրենցից չեմ տեսել: Տղա թոռս ծառայում է բանակում, զույգ աղջիկ թոռնիկներիս էլ մի կերպ պահում ենք: Ամուսինս  80  տարեկան է, թոշակով ենք ապրում, նպաստն էլ 30.000 դրամ է, այն էլ հազիվ լույսի, ջրի վարձ եմ տալիս: Թոշակի գումարով էլ տան վարձն ենք վճարում: Երեխեքս էլ ուզում են սովորել՝ չեն կարողանում:  Գումար էլ չկա, որ գոնե շոր, կոշիկ առնեմ իրենց: Եղել են օրեր, որ անգամ հացի փող չեմ ունեցել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Անահիտ Իսպիրյանը:

Նրա խոսքով՝ քանի որ աղջիկներն անչափահաս են, ոչ մի տեղ աշխատանքի չեն ընդունում:

«Դե, մենք էլ, քանի որ մեծ ենք, մեզ էլ չեն ընդունում որևէ աշխատանքի: Աղջիկները 9-րդ դասարանն ավարտեցին, ինձ սոցիալական օգնություն ցուցաբերեցին, երեխաներից մեկը՝ դիմահարդարում, մյուսը՝ մատնահարդարում սովորեց: Աշխատանքի համար անհրաժեշտ նյութեր էլ չունեն, որ գոնե տանը կարողանան գործ անել, մինչև աշխատանքի անցնեն: Ոզում են նաև իրենց ուսումը շարունակել, մեկը՝ բժիշկ-կոսմետոլոգ, մյուսն էլ՝ դիզայներ, բայց, ցավոք, ուսման վարձի համար գումար չկա»,- նշեց Անահիտ Իսպիրյանը:

Ընտանիքի հետ կարող եք կապ հաստատել այս հեռախոսահամարով՝ 098 92-09-70:

Տեսանյութեր

Լրահոս