Ինչո՞ւ է հետաձգվել Փաշինյանի պաշտոնական այցը Մոսկվա և ի՞նչ կապ ունի Քոչարյանի գործը
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա հետաձգվել է զուտ տեխնիկական պատճառներից ելնելով, որոնք մի քանիսն են»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ մեկնաբանելով վերջին օրերին մամուլում տարածված տեղեկությունը, թե չեղարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը ՌԴ:
Տեղեկացնենք, որ հայաստանյան ԶԼՄ-ներից մեկի հրապարակման համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստանի Դաշնություն նախատեսված էր ապրիլ ամսին, սակայն Կրեմլի նախաձեռնությամբ այն հետաձգվել է անորոշ ժամանակով։
Ըստ հրապարակման՝ Կրեմլի նման արձագանքի պատճառը քրեական գործն է՝ հարուցված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ, և այն հանգամանքը, որ ՀՀ իշխանություններն անգամ չեն ցանկանում նրա խափանման միջոց կալանքը փոխել։ Լրատվամիջոցի պատրաստած հոդվածի համաձայն, և դա՝ այն դեպքում, երբ ՌԴ նախագահը բազմիցս ուղղակի և անուղղակի ձևով ցույց է տվել իր վերաբերմունքը Քոչարյանի նկատմամբ։
Նշենք նաև, որ օրերս ռուսական իշխանամետ «Կոմերսանտ» թերթում հեղինակավոր ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովը՝ «Ոչ ոք մոռացված չէ և ոչինչ փակված չէ» վերտառությամբ հոդված էր հեղինակել այն մասին, որ հայ-ռուսական հարաբերություններում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայիս կարգավիճակը կարող է վերաճել երկկողմ հարաբերությունների ամենաակտուալ խնդիրներից մեկին:
Հոդվածագիրը նկարագրել էր Քոչարյանի գործի մի շարք ուշագրավ դրվագներ, նշել, որ տարբեր առիթներով ՌԴ նախագահը ՀՀ ներկայիս իշխանություններին դիրքորոշում էր ցույց տվել այդ գործի վերաբերյալ: Սոլովյովը նշել էր նաև այն հանգամանքի մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամիսներ առաջ ՀՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում էր տեղի ունեցել ՀՀ երկրորդ նախագահի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի և կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի հետ:
Ստանիսլավ Տարասովի խոսքով՝ թե՛ ռուսական, թե՛ հայաստանյան մամուլում շատ են հանդիպում մտացածին հրապարակումների այս թեմայի առնչությամբ: Ավելին, նրա որակմամբ, դրանցում կա սուբյեկտիվ գործոն: Իսկ օբյեկտիվը, ըստ Տարասովի, այն է, որ իսկապես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործոնը գոյություն ունի հայ-ռուսական հարաբերություններում, և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվում իր համակրանքներից, և այս դեպքում նա ամեն կերպ դա նաև փորձում է ցուցադրել, որով, իհարկե, ուղերձներ է հղում Փաշինյանին, որպեսզի վերջինս փոխի իր մոտեցումը, վերաբերմունքն այդ և հատկապես՝ խափանման միջոցը փոխելու հարցի վերաբերյալ: Տարասովի համոզմամբ՝ հարցի այս կողմը նույնիսկ կասկածի ենթակա չէ:
«Սակայն ես կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները ենթակա չեն անձնական հարաբերությունների ազդեցության, մեր հարաբերությունները կրում են ռազմավարական գործընկերության բնույթ, Հայաստանը ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ է: Այցը, որը հետաձգվել է, պետք չէ կապել այդ սուբյեկտիվ հանգամանքի հետ, քանի որ հետաձգումը կրում է բացառապես տեխնիկական բնույթ, քանի որ պատրաստվում են որոշակի համաձայնագրեր, որոնք անհասկանալի պատճառներով՝ կամ հայկական, կամ ռուսական կողմի պատճառով, դեռ պատրաստ չեն, ուստի այցը կկայանա ավելի ուշ, այս հարցում ես գլոբալ ինտրիգ չեմ տեսնում: Իսկապես այդ մասին կա տեղեկատվություն, սակայն դա այնքան էլ հաստատված չէ, չէի ցանկանա Ձեզ մոլորեցնել, նման այց պլանավորվում էր, սակայն տեխնիկական պատճառներով՝ հետաձգվեց, և չի բացառվում, որ պատճառը Մոսկվայի գերծանրաբեռնվածությունն է, ՌԴ-ում սահմանադրական փոփոխություններ են ընթանում, հաղթանակի տոնակատարություններն են առջևում, ամենայն հավանականությամբ, նման այց կկայանա մայիսի 10-ից հետո»,- ասաց ռուս քաղաքագետը:
Նրա դիտարկմամբ՝ Քոչարյանի գործը, իհարկե, գործոն է երկկողմ հարաբերություններում, սակայն մի փոքր չափազանցնում են դրա ազդեցությունը: Տարասովի խոսքով, երբ չկա հոդվածի թեմա, «բամբասանքներ են հորինում այս ամենի շուրջ»:
Ռուս քաղաքական վերլուծաբան Տարասովն ասաց, որ հայ-ռուսական հարաբերություններում ներկայումս բարդացումներ չեն նկատվում, ամեն ինչ ընթանում է նորմալ հունով: Նրա խոսքով՝ Փաշինյանը չի անում հայտարարություններ, որոնք կհարուցեն Մոսկվայի անհանգստությունը, Մոսկվան ևս չի անում շարժումներ, որոնք Երևանի կողմից կարող են բացասաբար ընկալվել: «Ընթանում է երկկողմ հարաբերությունների զարգացման նորմալ գործընթաց»,- ասաց Տարասովը: