«Ո՞րն է վարկաբեկիչ՝ նախկինում ոստիկան և քաղաքացիական ծառայող հանդիսանա՞լը, թե՞ օրվա իշխանության օգտին կուսակցական կրծքանշաններ փոխելը»
Արկադի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լսեցի պատգամավոր Գևորգ Պապոյանի ելույթի ձայնագրությունը, որը նվիրված էր Լուսավոր Հայաստան խմբակցության թիմին՝ ի պատասխան իրեն հասցեագրված կուսակցական կրծքանշաններ փոխելու փաստի մատնանշմանը:
Ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել երիտասարդ իմ գործընկերոջը մեկ այլ քաղաքական թիմի պրոֆեսիոնալիզմը հաստատող փորձառության կենսագրական փաստեր մեջբերելու համար, քանի որ նա նշում էր նախկինում մեր կողմից տարբեր պաշտոններ զբաղեցնելու մասին: Միևնույն ժամանակ, քանի որ ելույթը ակնհայտորեն ուներ հանրությանը մոլորության և թյուրիմացության մեջ գցելու նպատակ, հարկ եմ համարում արձագանքել և ասել հետևյալը.
1. Փոքր-ինչ պետական կառավարման համակարգից պատկերացում ունեցող մարդիկ գիտեն, որ ոստիկանությունում ծառայությունը, քաղաքացիական ծառայությունը, համայնքային ծառայությունը և ԿԲ-ում աշխատանքը, որոնք Պապոյանը վկայակոչել է, իր պատկերացմամբ, որպես «վարկաբեկող» հանգամանքներ, դրանք ապաքաղաքական ծառայության տեսակներ են և կրում են պրոֆեսիոնալ (մասնագիտական) բնույթ: Այդ ծառայողները պաշտպանված են օրենքով և չեն փոփոխվում քաղաքական ուժերի փոփոխության արդյունքում:
2. Դա նույնն է, ինչ մեղադրես զինվորականին, դիվանագետին կամ բժշկին՝ նախկին իշխանությունների օրոք այդ աշխատանքը կատարելու մեջ: Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայողները, որոնք իրենց պաշտոնները զբաղեցնում են մրցութային սկզբունքով, ներկայումս հանդիսանում են Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայողներ, և դա նորմալ է. հաշվապահը, իրավաբանը, տնտեսագետը մնում են այդպիսին՝ անկախ քաղաքական դեմքերի փոփոխությունից: ԱԺ աշխատակազմի քաղաքացիական ծառայողները շարունակում են իրենց ծառայությունը բոլոր գումարման ԱԺ-ների օրոք, և երբևէ որևէ մեկի մտքով չի կարող անցնել մեղադրել նրանց դրա համար: Դա անհեթեթություն կլիներ:
3. Լուսավոր Հայաստան խմբակցության թիմում չկան մարդիկ, ովքեր կուսակցական կամ քաղաքական պատասխանատվություն են կիսել նախկին իշխանությունների հետ, չկան իրենց անցած ուղուց ամաչող մարդիկ: Անձամբ ես կարող եմ ասել, որ հպարտ եմ իմ անցած ճանապարհով, վստահ եմ, որ իմ թիմակիցները ևս:
4. Ինչպե՞ս եք կարծում, ո՞րն է վարկաբեկիչ՝ նախկինում ոստիկան և քաղաքացիական ծառայող հանդիսանալը, թե՞ օրվա իշխանության օգտին կուսակցական կրծքանշաններ փոխելը:
5. Կցանկանայի նաև իմանալ, արդյոք Գևորգը խոսե՞լ է իր թիմակիցների հետ, կա՞ն արդյոք մարդիկ, ովքեր համաձայն են իր ելույթի բովանդակության և անհաջող զուգահեռներ տանելու հետ:
6. Ճանաչելով Գևորգ Պապոյանին, կարող եմ ասել, որ նման էժան մանիպուլյացիա պարունակող ելույթները որևէ կերպ չեն կարող հարգանք և հեղինակություն ավելացնել իրեն: Վստահաբար դա չի սրբագրի նաև իր կուսակցական կրծքանշանը փոխելու հանգամանքը: Շատ ավելի ճիշտ կլիներ նախկինում կուսակցական դառնալու փաստը ընդամենը հիմնավորել ոչ թե «ընկերոջը ընդառաջելու» կեղծ թեզով, այլ ավելի երիտասարդ տարիքում ուղղակի հավատալով, իսկ հետագայում իր մոտեցումները վերանայելու հանգամանքով: Առնվազն դա կհնչի շատ ավելի ազնիվ և հանրության համար ընկալելի:
7. Թեև շատերը գտնում են, որ նման արժեքներ կրող մարդիկ հեշտությամբ կրծքանշանները կփոխեն նաև հաջորդ իշխանությունների օրոք, ես ուզում եմ հավատալ, որ Գևորգը այդ տեսակի մարդկանցից չէ:
8. Ես ընդամենը կոչ կանեի իմ կրտսեր գործընկերոջը՝ իրեն ոչ վայել ցածրորակ և մանիպուլյատիվ նման ելույթներով ինքնահաստատվելու փորձեր չանել, որքան էլ այն գայթակղիչ թվա, այն էլ Լուսավոր Հայաստան խմբակցության թիմի պրոֆեսիոնալիզմի մասին վկայող փաստերը հանրությանը մոլորեցնող լույսի ներքո ներկայացնելու միջոցով:
Ամենայն հարգանքով մեր բոլոր գործընկերների նկատմամբ՝ կոչ եմ անում մնալ ազնիվ և կառուցողական բանավեճի շրջանակներում»: