«Իշխանությունը պետք է փորձի իր համար տհաճ այս միջադեպից նվազագույն կորուստներով դուրս գալ». Քաղտեխնոլոգը՝ մետրոյում տեղի ունեցած միջադեպի մասին

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ երեկ մետրոյում վարչապետի և երիտասարդ աղջկա միջև տեղի ունեցած միջադեպը նախապես մտածված չի եղել իշխանության կողմից, ինչպես գրում են ֆեյսբուքյան շատ օգտատերեր։ Ըստ նրա՝ աղջիկը նույնպես նախապես չի մտածել, թե ինչ պետք է անի, պարզապես ամեն ինչ տեղի է ունեցել սպոնտան։

Հիշեցնենք, որ երեկ վարչապետը մետրոյում «Այո»-ի բուկլետներ էր բաժանում, նա բուկլետ տվեց ուղևորներից մի աղջկա, որն էլ այն պատռեց և նետեց վարչապետի ուղղությամբ։

«Այդ աղջիկը կոնկրետ քաղաքական դիրքորոշում ուներ, որն իր մեջ երևի թե կուտակված էր՝ հաշվի առնելով, թե ինչ բացասական էներգետիկա կար վարչապետի հանդեպ, աղջիկն ուներ այդ տրամադրվածությունն առհասարակ, և ինչ-որ տեղ ինչ-որ ձևով դա դուրս էր գալու։ Այնպես է ստացվել, որ աղջիկը հենց այդ ժամին հայտնվել է այդ տեղում, որտեղ վարչապետը որոշել էր իր բուկլետները բաժանել, դրա համար էլ, կարծում եմ, որ սա հատուկ պլանավորված PR քայլ չէր»,- ասաց քաղտեխնոլոգը։

Նրա խոսքով՝ այս քայլից իշխանությունների կողմից  դրական դիվիդենտներ քաղելը շատ ռիսկային է, որովհետև հատկապես ցոցիալական ցանցերում միջադեպի հետ կապված կարծիքները միանշանակ չեն։

«Ժամանակին կեղծ մահափորձեր, պրովոկացիաներ էին անում, որպեսզի իրենց անձի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնեին, սա մոդայիկ էր հատկապես 1990-ականներին։ Բայց ամեն ինչ պետք է հաշվարկեին՝ արդյո՞ք կկարողանան այդ ամենից տակից դուրս գալ, թե՞ ոչ, իսկ այս միջադեպն այս պատմությունների շարքից չէր։ Բացի այդ, այնպես չէ, որ վարչապետը շուտ է մոռացվում, չի էլ թողնում, որ իրեն մոռանան, քանի որ 24 ժամից 12 ժամը եթերում է»,- ընդգծեց Վիգեն Հակոբյանը։

Անդրադառնալով այն քննարկումներին, որ, եթե աղջիկը նման քայլի գնար նախորդ իշխանությունների ժամանակ, ապա կհետապնդվեր, և դժվար կլիներ գուշակել, թե ինչ ճակատագրի կարժանանար, Վիգեն Հակոբյանը նշեց, որ նախորդ իշխանությունների ժամանակ ամեն ինչ էլ եղել է, պետք չէ ասել, թե նախորդ իշխանությունների ժամանակ նման բան չէր կարող լինել։

«Ինքս՝ որպես ուղղակիորեն քաղաքականության մեջ եղած մարդ, բոլոր իշխանությունների օրոք՝ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած (սա հատուկ եմ ուզում նշել նրանց համար, ովքեր կարծում են, թե քաղաքականությունը սկսվել է այն պահից, երբ իրենք մտել են Ֆեյսբուք), նման բաների ականատես եղել ենք, որոնց համար կարող էր լիներ նաև բռնություն, բայց կային դեպքեր, որ նման բաներ չէին լինում։ Այսօր համացանցում է հայտնվել նաև Փաշինյանի մասնակցությամբ տեսանյութը, որտեղ Վալերիյ Օսիպյանը նրան որոշում է ցույց տալիս, իսկ նա այն պատռում և նետում է։ Պարզ է, որ իշխանությունը պետք է փորձի իր համար տհաճ այս միջադեպից նվազագույն կորուստներով դուրս գալ։ Դրա համար էլ վարչապետը միջադեպից երկու ժամ հետո գուցե միակ ռացիոնալ գրառումն արեց, որ՝ տեսեք, թե ինչ է ժողովրդավարությունը։ Վարչապետը միանգամից կողմնորոշվեց նաև մետրոյի վագոնում։ Սրանից էլ ինձ համար պարզ է դառնում, որ միջադեպը նախապես պլանավորված չի եղել: Ասեմ, որ ռիսկային էր այս ամենը և շարունակում է ռիսկային մնալ»,- եզրափակեց Վիգեն Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս