
Եվրահանձնաժողովը Եվրոպայում կորոնավիրուսի դեմ պայքարի հատուկ խումբ է ստեղծել

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է Եվրոպայում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի գործողությունները համակարգելու համար հինգ եվրակոմիսարից բաղկացած աշխատանքային խումբ ստեղծելու մասին: Այդ մասին Եվրահանձնաժողովը հայտնել է մարտի 6-ին տարածված հայտարարության մեջ։
«Հինգ եվրակոմիսարներ կհամակարգեն Եվրամիության երկրների միջեւ աշխատանքը տեղեկատվության փոխանակման եւ հիվանդության բռնկմանը համարժեք համաեվրոպական պատասխան ապահովելու համար պահանջմունքների գնահատման շուրջ: Դրանում կընդգրկվեն՝ ճգնաժամային կառավարման եվրակոմիսար Յանեզ Լենարչիչը, առողջապահության հարցերի կոմիսար Ստելլա Կիրիակիդեսը, ներքին գործերի կոմիսար Իլվա Յոհանսոնը, մոբիլության հարցերի կոմիսար Ադինա Վալեանը եւ տնտեսության հարցերի կոմիսար Պաոլո Ջենտիլոնին»,-ասված է փաստաթղթում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի պաշտոնական տվյալներով՝ Եվրոպայում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թվաքանակը ներկա դրությամբ կազմում է 5569, 158 մարդ մահացել է: ԵՄ-ի առողջապահության նախարարներն այժմ հանդիպում են անցկացնում Բրյուսելում՝ քննարկելու համաեվրոպական պատասխանը հանրակցության երկրներում հիվանդության տարածմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: