2019 թվականի լավագույն օպերլիազոր է ճանաչվել ոստիկանության կապիտան Օգսեն Հարոյանը
Ոստիկանության հատուկ հանձնաժողովի կողմից 2019 թվականի «լավագույն օպերլիազոր» ճանաչվեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ավագ օպերլիազոր Օգսեն Հարոյանը: Որոշեցինք ծանոթանալ տարվա լավագույն օպերլիազորի աշխատանքային առօրյային, շնորհավորել, զրուցել ինչպես նրա, այնպես էլ գործընկերների ու ղեկավարների հետ:
Հանցագործությունների բացահայտման գործում քրեական հետախույզների աշխատանքն առանցքային նշանակություն ունի: Երևան քաղաքի վարչության օպերլիազորներն անմիջական նախաձեռնությամբ իրականացվող աշխատանքներից զատ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում նաև տարածքային ստորաբաժանումների հետ, բացահայտում ինչպես ընթացիկ, այնպես էլ նախկին տարիներին կատարված հանցագործություններ, հայտնաբերում հետախուզվողների: Վկաների, դիակի, հանցագործության հետքերի, առարկաների, նաև իրեղեն ապացույց հանդիսացող փաստաթղթերի հայտնաբերումը նրանց գործառութային պարտականությունն է, և Հարոյանը 2019 թվականին այս վտանգավոր ու պատասխանատու գործում է լավագույնը ճանաչվել:
«Դեռ դպրոցական տարիներից երազել եմ իրավաբան դառնալ: Սովորել և ավարտել եմ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մագիստրատուրայի իրավագիտության ֆակուլտետը: 2012թ. աշխատանքի անցնելով ոստիկանությունում` զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ: 2017 թվականից մինչ օրս ծառայում եմ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում`որպես օպերլիազոր»,- ներկայացրեց իր անցած ուղին Օգսեն Հարոյանը: Սակայն տարվա լավագույն օպերլիազորի հետ մեր զրույցը ստիպված ենք ընդհատել: Տեղեկություններ էին ստացվել, որ ավազակային հարձակման համար հետախուզվողը տուն է վերադարձել և քիչ անց շենքից դուրս է գալու: Մենք էլ հեթապահ խմբի հետ նշված հասցե մեկնեցինք:
Հարոյանը ցույց տվեց գործըներներին, թե հետախուզվողը, որ հարկում է բնակվում, շենքի որ մուտքից է դուրս գալու: Իրավապահները դարանակալեցին: Սպասումի ևս մի քանի ակնթարթ` և հետախուզվողն արդեն ոստիկանների մեքենայում էր: Միջոցառումը հաջողությամբ պսակվեց: Սակայն բերման ենթարկվածի վերաբերյալ անհրաժեշտ էր կազմել համապատասխան արձանագրություններ:
Ուստի զրույցը որոշեցինք շարունակել ավագ օպերլիազորի անմիջական պետի հետ` պարզելու, թե ինչու հենց Հարոյանին ներկայացրին լավագույն օպերլիազորի պարգևատրմանը:
«Ավագ օպերլիազոր Օգսեն Հարոյանը ոստիկանությունում ծառայում է 2012 թվականից, աշխատասեր, պարտաճանաչ ծառայող է, հանձնարարությունները կատարում է ճիշտ և ժամանակին, վայելում անձնակազմի հարգանքն ու վստահությունը: 2019 թվականի ընթացքում Հարոյանը բացահայտել է հանցագործության 27 դեպք, դրանք հիմնականում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ են. սպանություն, ավազակային հարձակում, կողոպուտ… հայտնաբերել է նաև հետախուզվողների: Եվ այս ամենը հաշվի առնելով` որոշվեց նրան ներկայացնել տարվա «լավագույն օպերլիազորի» պարգևատրմանը»,-մեզ հետ զրույցում ասաց 7-րդ բաժանմունքի պետ Էդվարդ Անդրիասյանը:
Ոստիկանության կապիտանին դրական են բնութագրում նաև գործընկերները: «Նրա հետ ծառայելիս քեզ ավելի վստահ ես զգում,-ասացին,- ուշադիր է, ցանկացած իրավիճակում արագ է կողմնորոշվում»: Որքան էլ ընդհանուր գծերով պատկերացնում էինք օպերլիազորի աշխատանքը, այնուամենայնիվ, օրվա հերոսին խնդրեցինք մանրամասնել:
« Քրեական հետախույզի աշխատանքը հետաքրքիր, բայց, միևնույն ժամանակ, ամենածանր ու պատասխանատու ծառայություններից է: Լինում են իրավիճակներ, երբ պարզապես սխալվելու իրավունք չունես. իրավունք չունես հանցագործին օպերատիվ տեսադաշտից կորցնելու, դեպքի վայրում հանցափաստը չտեսնելու և այլն:
Ինչ վերաբերում է 2019 թվականի «լավագույն օպերլիազորի» կոչմանը, ապա դա կոլեկտիվ աշխատանքի արդյունք է: Նման պարգևները պարտավորեցնում են ավելի լավ ծառայել»,-ասաց Հարոյանը:
Այսպիսին էր «լավագույն օպերլիազորի» մասին մեր բացահայտումը: Այլևս զբաղեցնել չենք կարող: Նրան մաղթենք բարի ծառայություն և մասնագիտական նոր ձեռքբերումներ: