«Գումարի պակաս չկա, դա չի համապատասխանում իրականությանը». Վարուժան Ավետիքյանը՝ «1000 դրամների» հիմնադրամում պակասորդի մասի
«Իրավունքի» ունեցած տեղեկություններով՝ զինվորականների սոցապահովության չմուտքագրած գումարների շուրջ նոր զարգացումներ են սպասվում:
Թերթը գրում է, որ գործը հասել է նույնիսկ Դատախազություն, որտեղ, ըստ էության, փորձում են գործը կոծկել, և, որ արդեն մոտ 2 միլիարդ դրամի է հասնում այն գումարը, որը չի փոխանցվել հիմնադրամին, այսինքն՝ փաստացի այդքան պակասորդ կա:
168.am-ը փորձեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանից այս առնչությամբ պարզաբանում ստանալ՝ արդյո՞ք 2 միլիարդ դրամի պակասորդ կա, ինչին ի պատասխան՝ նա նշեց. «Գումարի պակաս չկա, դա չի համապատասխանում իրականությանը»:
Ինչ վերաբերում է Դատախազությունում քրեական գործ լինելուն, Ավետիքյանն առաջարկեց, որ ճշտենք Դատախազությունից:
«Երևի Դատախազությունից ճշտեք, ես տեղյակ չեմ»,- նշեց նա:
Մեր ճշգրտող հարցին՝ որևէ չափի գումարի պակասորդ չկա՞, փոխանցումները կամ հավաքագրումները նորմալ կատարվո՞ւմ են, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենն արձագանքեց. «Իհարկե, իհարկե»:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019-ի ապրիլին հայտարարել էր, թե երկրում ստեղծվել է 50 հազար աշխատատեղ: Սա նշանակում է, որ 50 հազար նոր աշխատողները «1000 դրամների» հիմնադրամին պիտի փոխանցեին իրենց աշխատավարձից ամենամսյա հազարական դրամները, որի դեպքում հիմնադրամը պետք է 50 միլիոն դրամ լրացուցիչ մուտք ունենար՝ տարեկան 600 միլիոն դրամ, ըստ որոշ պնդումների, սակայն, այդ գումարները չկան:
168.am-ը փորձեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենից պարզել՝ իրականում լրացուցիչ մուտքեր եղե՞լ են հիմնադրամ, երբ երկրի ղեկավարն անընդհատ նոր աշխատատեղերից է խոսում, Վարուժան Ավետիքյանը պատասխանեց, որ եռամսյակը մեկ են հաշվետվություն ներկայացնում, երբ այն պատրաստ լինի, կերևա:
Հակադարձմանը, թե նախորդ տարի գոնե 600 միլիոն դրամի լրացուցիչ մուտք եղե՞լ է տարեկան կտրվածքով՝ վարչապետի ապրիլին հայտարարած 50.000 նոր աշխատատեղերի արդյունքում, Ավետիքյանը արձագանքեց. «Այն, ինչ ստացել ենք, դա կա հաշվետվության մեջ, որը կայքում հրապարակված է, կարող եք ծանոթանալ և տեսնել՝ որքան մուտք է եղել»:
Հավելենք, որ 2019-ի սեպտեմբերին Վարուժան Ավետիքյանը հրավիրված ասուլիսի ժամանակ ընդամենը հայտնել էր, որ 2017 թվականի հունվարի 1-ից ի վեր հատուցել են ավելի քան 370 զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքներին, կատարվել է ավելի քան 1.3 միլիարդ դրամի հատուցում։
«Հիմնական մուտքերը մենք ստանում ենք Հայաստանում և Արցախում աշխատող յուրաքանչյուր քաղաքացու կողմից ամսական վճարվող 1000 դրամներից։ Այս ընթացքում մենք կարողացել ենք հավաքագրել ավելի քան 18 միլիարդ դրամ»,- լրացրել էր նա:



