
Եվրախորհուրդը կորոնավիրուսի պատճառով ուժեղացրել է ճգնաժամային հակազդման մեխանիզմը

Եվրոպայի խորհուրդը նոր կորոնավիրուսի տարածման կապակցությամբ ճգնաժամերի հակազդման՝ ավելի վաղ գործի դրված մեխանիզմը տեղեկատվության փոխանակման մակարդակից բարձրացրել է մինչեւ լիամասշտաբ մակարդակ: Այդ մասին ասված է Եվրախորհրդի հայտարարության մեջ։
«Նախագահող Խորվաթիան հունվարի 28-ին որոշել է ակտիվացնել Եվրամիության Ճգնաժամային հակազդման մեխանիզմը տեղեկատվության փոխանակման ռեժիմում: Որպես երկրորդ քայլ՝ մարտի 2-ից մակարդակը բարձրացվել է մինչեւ լրիվ»,- ասված է փաստաթղթում:
Եվրախորհրդում պարզաբանել են, որ լիամասշտաբ ռեժիմով Ճգնաժամային հակազդման մեխանիզմի աշխատանքը ենթադրում է, որ Եվրամիության պետությունները, ինչպես նաեւ ԵՄ-ի համապատասխան ինստիտուտները եւ մյուս շահագրգիռ կողմերը կանցկացնեն ավելի կանոնավոր նիստեր՝ սկսած հաջորդ շաբաթվանից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: