Վրացական ընկերությունը հայ ավտոներկրողների մեքենաները տեղափոխել է վճարովի կայանատեղի՝ առանց նրանց համաձայնության, ապա պահանջել է, որ տույժեր և տուգանքներ վճարեն
Ավտոներկրողները բողոքի ակցիա իրականացրեցին ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց՝ պահանջելով, որպեսզի Վրաստանի «Կովկասուս ավտոինպորտ» ընկերությունը, համաձայն պայմանագրի, մեքենաների տեղափոխման ընթացքում առաջացած վնասներն ամբողջությամբ փոխհատուցի:
Բողոքի ակցիայի մասնակիցներից ավտոներկրող Էրիկ Հայրապետյանի փոխանցմամբ՝ խնդիրն այն է, որ իրենք աշխատել են վրացական «Կովկասուս ավտոինպորտ» ընկերության հետ, ունեն պայմանավորվածություն, ըստ որի՝ եթե մեքենան գնում, տեղափոխում են Երևան, այն վնասվելու դեպքում ընկերությունը պարտավոր է փոխհատուցել մեքենայի վնասի գումարը: Միշտ այդպես է եղել, բայց վերջին ժամանակներում, երբ արդեն մեքենաների հոսքը քչացել է՝ մաքսազերծման հետ կապված փոփոխություններով պայմանավորված, այդ ընկերությունը հրաժարվել է վճարել մեր գումարները:
«Եթե մեկն ունի 10.000 կամ 30.000 դոլարի փոխհատուցման գումար, գնում ես օֆիս՝ ասում են, թե սրա դիմաց 3000 դոլար վերցրու, գնա: 30000-ի դիմաց 3000 դոլար վերցնեմ, ո՞ւմ բաժանեմ, ի՞նչ անեմ: Հիմա մարդիկ կան՝ մեքենա ունեն ճանապարհին, սակայն որ ծրագրով աշխատել ենք վրացական այդ ընկերության հետ, հետևել ենք, թե մեքենան ուր է հասել, բոլորիս բլոկ են արել: Հիմնավորում չեն ներկայացրել, ասել են, թե ավտոմատ է փակվում: Այնինչ, եթե մարդը ճանապարհին մեքենա ունի, չի կարող ավտոմատ փակվել, որովհետև այս պահին գործող է: Մարդիկ ո՞նց հետևեն՝ մեքենան հասա՞վ Վրաստան, թե՞ չէ: Հես ա կհասնի, մի 20 օր կպահեն, կասեն՝ գնա տուգանք վճարի: Այսպես միշտ է եղել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Էրիկ Հայրապետյանը:
Ավտոներկրողներից մեկն էլ, թե՝ կա նաև իրենց կողմից կնքված պայմանագիր, որտեղ նշված է, որ, եթե գնորդը մինչև մեքենայի Փոթի հասնելն այդ մեքենայի գումարը և դրա հետ կապված բոլոր ծախսերը չվճարի, իրենք իրավունք ունեն մեքենան սեփականաշնորհել և վաճառել Վրաստանի շուկայում, ու բոլոր եկամուտները գնա իրենց ընկերությանը:
Ավտովարորդների պաշտպանության լիգայի փոխնախագահ Գևորգ Հովհաննիսյանն էլ շարունակելով գործընկերոջ խոսքը՝ նշեց. «Մեր ավտոներկրողները ՀՀ-ին բազմամիլիոնանոց օգուտ են բերել՝ մաքսատուրքերի ձևով, և պետությունն այս պահին ձեռքերը լվացած մի կողմ է քաշվել՝ լավատեղյակ լինելով այս խնդրի մասին: Վերջին մի քանի ամիսների ընթացքում ապահովագրական հատուցումները սկսել են չկատարվել, վնասները գնահատված են եղել, ներկայացվել են կողմերին, կողմերը դրանք չեն բողոքարկել, չնայած մի քանիսի հետ անհամաձայնություն կա: Այդուհանդերձ ասել են՝ նորից մեքենաներ գնեք, մենք ապահովագրական հատուցումները կտանք»:
Ինչ վերաբերում է տույժերին և տուգանքներին՝ Ավտովարորդների պաշտպանության լիգայի փոխնախագահն ասաց. «Որոշ ժամանակահատված մեքենան անվճար կարող է գտնվել Վրաստանի նավահանգստում, բայց ընկերությունը մեքենաները տեղափոխել է վճարովի այլ կայանատեղի՝ առանց մեր դիլերների համաձայնության, ապա պահանջել է, որ տույժեր և տուգանքներ վճարեն՝ իբրև թե սահմանված նավահանգստի կողմից:
Ավելին, գնել են այլ մեքենա, բայց տեխնիկապես ուրիշ են բերել՝ խախտելով մատակարարման և բեռնափոխադրման պայմանագրի պայմանը: Ակնկալում են, որ միջպետական մակարդակով աշխատանքային խումբ ստեղծվի, հարցերը դիտարկվեն, անդրադառնան յուրաքանչյուր դեպքի»:
Հայ ավտոներկրողներին աջակցելու համար դեսպանատան մոտ էին եկել նաև Ղազախստանի իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները: Նրանց խոսքով՝ սա հուզում է նաև Ղազախստանին, քանի որ իրենք էլ են ԵԱՏՄ անդամ երկիր և կարծում են, որ տնտեսական հարաբերությունների վրա չպետք է ազդեր այդ հանգամանքը:
Հավելենք, որ բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց պահանջը ձևակերպեցին նամակում և փոխանցեցին դեսպանատանը:



