Բաժիններ՝

«Հարկավոր է համատեղ ճնշում գործադրել Թուրքիայի վրա». Սեբաստիան Կուրց

Եվրոպական միությունը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի վրա, որպեսզի նա անօրինական միգրանտներին չօգտագործի ԵՄ-ի նկատմամբ իր քաղաքական նպատակների համար: Այդ մասին մարտի 3-ին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը՝ ամփոփելով անօրինական միգրացիայի դեմ պայքարի միջոցառումներ մշակելու նպատակով կառավարության արտահերթ նիստի արդյունքները։

Նրա խոսքով՝ Թուրքիայից ԵՄ-ի տարածք, Հունաստան թափանցելու անօրինական միգրանտների փորձերը կազմակերպվել են Թուրքիայի ղեկավարության կողմից: «Հարկավոր է համատեղ ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նախագահ Էրդողանը փոխի իր անմարդկային գործելակերպը եւ չշարունակի հետագայում միգրանտներին օգտագործել իր քաղաքական նպատակների համար: Մենք համատեղ պետք է ապահովենք, որ 2015 թվականը չկրկնվի: Դրա համար հարկավոր է կազմակերպել սահմանների (Հունաստանում ԵՄ-ի արտաքին սահմանին) գործող պահպանություն»,- նշել է Կուրցը մամուլի ասուլիսում:

«Այդ մարդիկ (միգրանտները) Իդլիբից, այսինքն՝ Սիրիայից չեն փախչում Հունաստան: Դրանք այն մարդիկ են, որոնք մասամբ արդեն երկար տարիներ գտնվում են Թուրքիայում: (Թուրքիայի) նախագահ Էրդողանը միտումնավոր է կազմակերպել այդ գործընթացը: Տրամադրվում են ավտոբուսներ, միգրանտներին տալիս են տեղեկատվություն: Միտումնավոր փորձեր են ձեռնարկվում կազմակերպել այդ երթը դեպի Հունաստան: Նախագահ Էրդողանը մարդկանց օգտագործում է որպես գնդակ, զենք, Եվրոպական միության վրա ճնշման գործիք»,-ասել է Կուրցը մամուլի ասուլիսում:
Փետրվարի 28-ից միգրանտների հետ կապված իրադրությունը կտրուկ սրվել է Թուրքիայի հետ ցամաքային ու ծովային սահմաններին: Հունաստանի ուժայինները փետրվարի 29-ից Թուրքիայից անօրինական միգրանտների ու փախստականների ներխուժման 24 հազար 203 փորձ են կանխել, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս