Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ. Աննա Նաղդալյան

Սիրիայի Իդլիբ նահանգում  վերջին շաբաթների ընթացքում օրեցօր սրվող ռազմական էսկալացիայի ֆոնին և Մոսկվայում նախատեսվող Պուտին-Էրդողան բանակցություններից առաջ  Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մի շարք վերլուծաբաններ անհանգստացնող են որակում:

Գաղտնիք չէ, թե ինչպիսի դերակատարություն ունեն սիրիական հակամարտության կարգավորման երկարաձգվող գործընթացում  Ռուսաստանն ու Թուրքիան, որոնց միջև հաստատված համագործակցությունը վերջին շրջանում խաթարվել է Աստանայի համաձայնությունների խախտման հետևանքով՝ ընդհուպ հանգեցնելով այնպիսի փորձագիտական կանխատեսումների, ինչպիսին է ռուս-թուրքական ուղիղ ռազմական բախման վտանգը Սիրիայի տարածքում:

Կարիք չկա նաև հիշեցնել, թե Ռուսաստանը և Թուրքիան ավանդաբար ինչպիսի դերակատարություն են ունեցել Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում. Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր է, առանցքային միջնորդ, իսկ Թուրքիան Ադրբեջանի ռազմավարական գործընկերը, ում Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ փորձել է ներառել ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմ՝ փորձելով փոխել բանակցային ձևաչափն իր օգտին:

Մարտի 5-ին Մոսկվայում սպասվող ռուս-թուրքական բանակցություններին ընդառաջ, որոնց գլխավոր  օրակարգը սիրիական Իդլիբի շուրջ ստեղծված իրավիճակն է, Չավուշօղլուի հանդիպումը ՄԽ համանախագահների հետ մի շարք հարցեր է առաջացնում:

Ավելին՝ նախօրեին թեմայի քննարկումներին, որոնք ծավալվեցին «Ադեկվատ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան  գրառումներից մեկի ներքո՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, միաբանության անդամ Արա Վարդանյանի մասնակցությամբ, միացավ նաև ՌԴ ԱԳՆ Պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Քննարկման մասնակիցներից մեկը հարց էր ուղղել Զախարովային այն մասին, թե ինչպես է գերատեսչությունը վերաբերում այն փաստին, որ Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որին ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնյան հաստատել էր, որ խմբի կազմում Ռուսաստանի ներկայացուցիչը մասնակցել է հանդիպմանը:

Մեկ այլ օգտատիրոջ հարցին էլ, թե հանդիպումն ի՞նչ կապ ունի Սիրիայում տիրող իրավիճակի էսկալացիայի հետ, Զախարովան պատասխանել էր, թե իրեն հայտնի չէ՝ ինչպես է դա կապված սիրիական զարգացումների հետ:

Զախարովան նաև նշել էր, որ ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ Ռուսաստանն այդ հանդիպումը չեն մեկնաբանել, քանի որ իրենք պարբերաբար նմանատիպ  շփումներ են անցկացնում տարբեր երկրների հետ:

Ի պատասխան մեկ այլ  հարցի,  Զախարովան գրել էր, որ ՌԴ դիրքորոշումը բանակցային ձևաչափի վերաբերյալ չի փոխվել:

«Բայց ես Ձեզ կհիշեցնեմ, որ հենց իրենք կողմերն էին բանակցային ձևաչափում փոփոխություններ մտցրել: Թե՞ ես սխալվում եմ»,- գրել էր Զախարովան:

Ի պատասխան 168.am-ի այն հարցերին, թե ինչպե՞ս է ՀՀ ԱԳՆ-ն գնահատում Չավուշօղլու-Մինսկի խումբ հանդիպման փաստը և ինչպիսի՞ն է ԱԳՆ գնահատականը Թուրքիայի հնարավոր ներգրավվածությանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանեց, որ արդեն իսկ եղել է ՀՀ ԱԳ նախարարի համապատասխան անդրադարձը:

Սակայն Աննա Նաղդալյանը նաև հավելեց, որ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությամբ, որը ԼՂ հակամարտության համատեքստում արտահայտվում է նաև Ադրբեջանին ցուցաբերվող միակողմանի ռազմաքաղաքական աջակցությամբ, Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ։

Մեր մեկ այլ դիտարկմանը, որ Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջում դեբատներ են ծավալվել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մասնակցությամբ, որտեղ քննարկվել է այն հարցը, թե արդյո՞ք ՄԽ համանախագահները տեղեկացրել են հայկական կողմին այս հանդիպման բովանդակության մասին, Զախարովան խորհուրդ էր տվել դիմել Աննա Նաղդալյանին և հարցին, թե արդյո՞ք ՄԽ համանախագահները տեղեկացրել են այս հանդիպման բովանդակության մասին, Նաղդալյանը պատասխանեց, որ նախ պետք է ծանոթանա Արթուր Դանիելյանի գրառմանը:

Հիշեցնենք, որ Մևլութ Չավուշօղլուն հանդիպումից հետո Twitter–ի իր էջում գրել էր. «Մինսկի խումբն արդեն ավելի ակտիվ աշխատանքներ պետք է տանի Ղարաբաղի հարցի լուծման համար։ Այդ լուծումը պետք է լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»։ Սակայն Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի խորհուրդը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին ստիպել էր օգնության կանչել Ավետարանը։ «Մևլութ Չավուշօղլուի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին տրվող խորհուրդը մտաբերել է տալիս Ղուկաս 4:23-ը. «Բժի՛շկ, բժշկեա՛ զանձն քո»»,-գ րել էր նախարար Մնացականյանն իր թվիթերյան միկրոբլոգի էջում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031