Սերբիայի և Կոսովոյի ղեկավարները հանդիպել են Վաշինգտոնի Սպիտակ տանը
Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը եւ չճանաչված Կոսովոյի ղեկավար Հաշիմ Թաչին հանդիպել են Սպիտակ տանը, որտեղ նրանք հրավիրվել էին Միացյալ Նահանգների վարչակազմի ներկայացուցիչների կողմից: Այդ մասին չճանաչված կազմավորման ղեկավարը մարտի 2-ին հայտնել է Twitter-ի իր էջում։
«Հենց նոր Սպիտակ տանն ավարտվեց Սերբիայի նախագահի հետ հանդիպումը Ռիչարդ Գրենելի (Բելգրադի եւ Պրիշտինայի երկխոսության խնդրով ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդի – ծանոթ. խմբ.) եւ Ռոբերտ Օ’Բրայենի (ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնականի – ծանոթ. խմբ.) հրավերով: Կոսովոն շնորհակալ է ԱՄՆ-ին հաստատակամ աջակցության համար: Մենք հանձնառու ենք մնում այն բանին, որ համատեղ աշխատենք վերջնական համաձայնությունների եւ փոխադարձ ճանաչման նպատակով»,- գրել է նա:
Ավելի վաղ Վուչիչը եւ Թաչին Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի հարթակներում համաձայնություններ են կնքել օդային, երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցության շուրջը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



