Բաժիններ՝

Սթիվ Ջոբսի այրին որոշել է զավակներին թողնել առանց ժառանգության

Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի այրին՝ ֆիլանտրոպ Լորեն Փաուել Ջոբսը, չի պատրաստվում իր զավակներին թողնել այն բազմամիլիարդ ժառանգությունը, որը նրան մնացել է ամուսնու մահից հետո: Այդ մասին նա հայտարարել է The New York Times թերթին տված հարցազրույցում։ «Ես շահագրգռված չեմ հարստությունները բազմապատկել սերնդից սերունդ, եւ իմ երեխաներ դա գիտեն,-ընդգծել է Փաուել Ջոբսը:-Սթիվը դա չէր ցանկանում: Եթե ես բավականին երկար ապրեմ, ամեն ինչ ինձանով կավարտվի»,-նշել է նա:

Նրա խոսքով, այն իրադրությունը, երբ մարդկանց ոչ մեծ խումբ փողերի զգալի գումար է վերահսկում, «ճիշտ չէ եւ անարդար է»: «Մենք դա 19-րդ եւ 20-րդ դարերի սահմանագծին տեսել ենք Ռոքֆելլերների, Քառնեգիների, Մելոնների եւ Ֆորդերի ընտանիքների օրինակով: Նման կուտակումը վտանգավոր է հասարակության համար: Այդպես չպետք է լինի»,-նշել է Ջոբսը:
2011 թվականի հոկտեմբերին 56 տարեկան հասակում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից մահացած Ջոբսի այրուն մնացել է երեք երեխա: The New York Times-ը նրա կարողությունը գնահատում է 27,5 մլրդ դոլար: 2004 թվականին Փաուել Ջոբսը հիմնել է Emerson Collective բարեգործական կազմակերպությունը («Էմերսոն կոլեկտիվ»), որն զբաղվում է այնպիսի նախագծերով, որոնք ուղղված են, այդ թվում, սոցիալական անհավասարության կրճատմանը:

1976 թվականին հիմնադրված Apple-ն արտադրում է iPhone սմարթֆոններ, iPad պլանշետային համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iMac սեղանի համակարգիչներ, iPod երաժշտական փլեերներ եւ բարձրտեխնոլոգիական այլ տեխնիկա: Կորպորացիան, որի կենտրոնակայանը գտնվում է Քուփերթինոյում (Կալիֆոռնիայի նահանգ), խոշորագույններից մեկն Է աշխարհում: Նրա շուկայական կապիտալիզացիան կազմում է մոտավորապես 1,4 տրլն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս