
ՊՆ-ում ռազմաբժշկական ծառայության կատարած աշխատանքների արդյունքների վերաբերյալ տեղի է ունեցել քննարկում, անդրադարձ է կատարվել է նաև նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ու վերահսկմանը

Մարտի 2-ին, 2020թ. պատրաստության պլանի համաձայն, ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության 2019թ. կատարած աշխատանքների արդյունքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ԶՈՒ ռազմաբժշկական վարչության սպաների, զորամիավորումների, միավորումների և կենտրոնական ենթակայության զորամասերի բժշկական ծառայությունների պետերի, ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի պետի և ռազմաբժշկական զորամասերի (հաստատությունների) հրամանատարների ներգրավմամբ անցկացված խորհրդակցության ընթացքում ներկայացվել է 2018-2019թթ. զինված ուժերում հիվանդացության համեմատական վերլուծությունը, զինված ուժերում առկա համաճարակային իրավիճակը, ռազմաբժշկական ծառայության ձեռքբերումներն ու առկա խնդրահարույց հարցերը, քննարկվել են դրանց լուծման ուղիները, տրվել համապատասխան հանձնարարականներ:
Ոլորտի պատասխանատուներին ներկայացվել են 2020թ.-ին ռազմաբժշկական ծառայությանն առաջադրված խնդիրները, հեռանկարային զարգացման ուղիները:
Տարածաշրջանում արձանագրված նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված հակահամաճարակային միջոցառումների կատարման և վերահսկման նպատակով անցկացվել է համատեղ քննարկում, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի կողմից տրվել են հստակ հանձնարարականներ: