«Միամտություն կլինի ասել, թե այս ամենը բացասական չի ազդի զբոսաշրջության վրա». Մեխակ Ապրեսյան
Երեկ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ կորոնավիրուսի հետ կապված՝ մեկուսացվել է 32 անձ, նրանց մեկուսացրել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում։ Այնուհետև մամուլում լուրեր շրջանառվեցին, որ կորոնավիրուսի հետ կապված՝ շատերը Ծաղկաձորում չեղարկել են իրենց պատվերները։
168.am-ի հետ զրույցում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ, եթե Ծաղկաձորում են տեղավորել կարանտինի մեջ գտնվող անձանց, ապա դա դեռ չի նշանակում, որ այդ ամենը կարող է անդրադառնալ այդ հանգստյան գոտու գրավչության վրա։
«Մարդիկ այնտեղ լինելու են մասնագիտական հսկողության տակ, որտեղ էլ կարանտին տանեին, դրա կարգը կա, թե ինչպես են այնտեղ մարդիկ պահվում, եթե մարդիկ կարանտինում են, ապա այնտեղից վիրուսի տարածումը բացառվում է։ Կարծում եմ՝ այստեղ հետաքրքիր միտք է եղել, մարդասիրական առումով հետաքրքիր է, որ մարդկանց ոչ թե տանում են ինչ-որ վախենալու վայր, այլ գեղեցիկ մի տեղ։ Հնարավոր է՝ սա լավ ներկայացնելու ու մատուցելու դեպքում գովազդվի»,- ասաց Մեխակ Ապրեսյանը։
Հարցին՝ ինչպե՞ս կանդրադառնա այս իրավիճակը զբոսաշրջության վրա, Մեխակ Ապրեսյանը նշեց, որ զբոսաշրջությունը շատ զգայուն է ցանկացած նման երևույթի հանդեպ՝ լինի անկայուն քաղաքական իրավիճակ, թե անվտանգության հետ կապված խնդիրներ։
«Միամտություն կլինի ասել, թե այս ամենը բացասական չի ազդի զբոսաշրջության վրա, բայց մյուս կողմից էլ, թեև մեզ մոտ կորոնավիրուսի մեկ դեպք է արդեն գրանցվել, բայց այնպես չէ, որ վտանգավոր երկրների ցանկում ենք։ Հայաստանից գնացած զբոսաշրջիկների արձագանքով եթե կարողանանք աշխարհին ճիշտ մատուցել ու ներկայացնել այն, ինչ ունենք, հուսանք՝ գոնե մինիմալ կորուստներով դուրս կգանք այս ամենից։ Հետևելով կորոնավիրուսի հետ կապված զարգացումներին՝ ապաքինվողների թիվն ավելի շատ է, քան վարակվածների, կարծեք թե իրավիճակը հուսադրող է, հուսանք՝ այս իրարանցումը կարճ կտևի»,- շեշտեց նա։
Մեխակ Ապրեսյանը նաև հույս հայտնեց, որ իրավիճակը կայունանալուց հետո զբոսաշրջիկներն ակտիվ կայցելեն Հայաստան, և եղած բացը կլրացվի։
«Բոլորդ էլ երևի կհիշեք, թե ինչպես էր թռչնի գրիպը մոլեգնում աշխարհում, կրկին նույն իրարանցումն էր, այդ տարին, համեմատած մյուս տարիների հետ, համաշխարհային զբոսաշրջային այցելությունների թիվն ավելի էր աճել, քան սովորական տարիներին, այսինքն՝ մի պահ այս իրավիճակը զսպող ազդեցություն կունենա, բայց հուսանք, որ խնդիրը շուտ կկարգավորվի»,- եզրափակեց Մեխակ Ապրեսյանը։