Ոստիկանները ապօրինի խաղատուն են հայտնաբերել
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ էին ձեռք բերվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում գործում է ապօրինի խաղատուն, որտեղ նաև ապօրինի շրջանառվում են թմրամիջոցներ։
Մարտի 1-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ իրականացրին հատուկ միջոցառում՝ բացահայտելով ապօրինի խաղատունը, որտեղ, քննությանը հայտնի տվյալներով, նախորդ տարվա նոյեմբերից 10-ից ավելի անձի մասնակցությամբ պարբերաբար կենդանի խաղեր են կազմակերպվել։ Օրվա շրջանառությունը կազմել է մինչև 7 միլիոն դրամ, որից կազմակերպիչները խաղավարների միջոցով գանձել են 300-ից 500 հազար դրամ։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են «պոկեր» խաղի պարագաներ, ինչպես և տարբեր թմրամիջոցների նմանվող զանգվածներ ու դրանք օգտագործելու պարագաներ։
Հաստատությունում գտնված անձինք բերման են ենթարկվել քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքներն ու պետությանը պատճառված վնասի չափը քննությամբ պարզվում են։