Բաժիններ՝

Ավտոներկրողները բողոքի ակցիա կկազմակերպեն ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց՝ պահանջելով փոխհատուցել ավելի քան 1000 մեքենային պատճառած վնասները

Ավտոներկրողները պատրաստվում են մարտի 3-ին բողոքի ակցիա իրականացնել  ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց՝ պահանջելով, որպեսզի Վրաստանի «Կովկասուս ավտոինպորտ» ընկերությունը, համաձայն պայմանագրի, մեքենաների տեղափոխման ընթացքում առաջացած վնասներն ամբողջությամբ փոխհատուցի:

Ընկերությունը նաև ավելի քան 40 ներկայացուցիչ ունի Հայաստանում, սակայն 2019 թ. օգոստոսից սկսած հրաժարվում է փոխհատուցել ավելի քան 1000 մեքենային պատճառած վնասները: Խոսքը մոտավորապես 700 հազար ԱՄՆ դոլարի մասին է:

«Գիտեմ, որ  այս ընկերությունը շատերին է պարտք: Անթիվ-անհամար ավտոմեքենաներ ունենք, որոնք ճանապարհին են վնասվել, ու դրանց համար մեզ չեն փոխհատուցել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ավտոներկրողներից Դավիթ Գասպարյանը:

Նրա փոխանցմամբ՝ «Կովկասուս ավտոինպորտը» միջնորդ կազմակերպություն է, գլխավոր գրասենյակը Վրաստանում է:

«Ընկերության միջոցով Ամերիկայից մեքենա ենք գնում, տեղափոխում Հայաստան կամ Վրաստան, և ճանապարհին վնասված մեքենաների համար իրենք են պատասխանատու: Աճուրդներին մասնակցում ենք Copart.com, iaai.com կայքերով՝ իրենց տրամադրած պրոֆիլներով»,- նշեց Դավիթ Գասպարյանը՝ հույս հայտնելով, որ ընկերությունը բարեխիղճ կգտնվի ու կփոխհատուցի գումարները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս