Ինչպե՞ս կարող եք մասնակցել հանրաքվեին, եթե ձեր գրացման հասցեում չեք գտնվում
168.am-ը հեռախոսազանգեր է ստացել ՀՀ մի քանի քաղաքացիներից, որոնք հետաքրքրվում էին, թե ինչպե՞ս կարող են ապրիլի 5-ին մասնակցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, եթե իրենք գրացման հասցեում չեն գտնվում:
Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ, եթե ՀՀ քաղաքացին բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է ՀՀ հասցեով, սակայն քվեարկության օրը գտնվելու է այլ համայնքում, մինչև 26.03.2020թ. կարող է դիմում ներկայացնել հաշվառման կամ գտնվելու վայրի անձնագրային ծառայություն՝ հաշվառման վայրի քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակից ժամանակավորապես դուրս գալու մասին` նշելով քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն:
«Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, անձի տվյալները ժամանակավորապես հանում է ըստ հաշվառման վայրի ցուցակից և ավելացնում ըստ գտնվելու վայրի հանրաքվեի տեղամասի քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակում: Դիմողին այդ մասին տրամադրվում է համապատասխան տեղեկանք:
Նրա փոխանցմամբ՝ լրացուցիչ տեղեկանքներ չեն պահանջվելու:
«Դիմումում ուղղակի մատնանշվում է, որ անձն այսինչ հասցեում է գտնվում: Անձնագրայինը նրան կընդգրկի այդ հասցեի մոտակա տեղամասում և կտա տեղեկանք՝ նշելով ընտրական տեղամասի տվյալները»,- մանրամասնեց Անձնագրային և վիզաների վարչության պետը: