Մարիխուանայի իրացման դեպք է բացահայտվել
Փետրվարի 29-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու հերթական դեպքը բացահայտեցին:
Ժամը 23.30-ի սահմաններում քրեական հետախույզները Ջրաշեն գյուղից ոստիկանության Արտաշատի բաժին բերման ենթարկեցին Դիտակ գյուղում բնակվող 18 և 21 տարեկան երկու երիտասարդի:
Բաժնում անձնական խուզարկությամբ 21-ամյա երիտասարդի գրպաններից հայտնաբերվեց 4 փաթեթ կանեփանման բույսի չորացված, մանրացված դեղնականաչավուն զանգված և ապակյա կաթուցիչ:
Ըստ նրա` հայտնաբերվածը մարիխուանա է, քաղել է Մխչյան գյուղի դաշտերում վայրի աճած կանեփի բույսերից:
Չորս փաթեթ նմանատիպ բուսական զանգված էլ ոստիկանները հայտնաբերեցին 18-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 21-ամյա երիտասարդն է նույն օրը Դիտակ գյուղում 18-ամյա համագյուղացուն թմրանյութ հյուրասիրել:
Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: