Կորոնավիրուսով վարակման դեպքերում պատրաստ ենք ցուցաբերելու անհրաժեշտ բուժօգնություն. Արայիկ Բաղրյան
Արցախում ունենք այն բոլոր հնարավորությունները, որոնք, նոր կորոնավիրուսով վարակման դեպք արձանագրվելու պարագայում, հնարավորություն կտան մեկուսացնելու հիվանդին և ստացիոնար բուժում իրականացնելու:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը:
Նախարարի խոսքով՝ առկա են բոլոր միջազգային ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, վերազինված են բժշկական պարագաներով ու անհրաժեշտ դեղորայքով, ինչպես նաև անձնակազմը վերապատրաստված է:
«Մենք պատրաստ ենք ընդհուպ մինչև ամենածանր դեպքերում ստացիոնար բուժում իրականացնելու: Կարծում եմ՝ նման երևույթի չենք հանդիպի, սակայն, անհրաժեշտության դեպքում, նախատեսվում է բուժումն իրականացնել առանձին բուժհիմնարկում, որտեղ հիվանդը շփում չի ունենա արտաքին միջավայրի հետ: Այսինքն՝ այդ բուժհիմնարկում ստացիոնար բուժում կստանան այն հիվանդները, որոնք կասկածվում են կամ էլ որոնց մոտ արդեն իսկ հաստատվել է վարակման դեպքը»,- նշել է Ա. Բաղրյանը:
Կայքի հետ զրույցում Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Կարեն Բազիյանն ասել է, որ վերջին 3 օրերին կրկնակի նվազել է «վերին շնչուղիների սուր վարակներ» ախտորոշմամբ բժշկական կենտրոն դիմած հիվանդների քանակը՝ թե՛ ամբուլատոր և թե՛ ստացիոնար բաժանմունքներում:
Կ. Բազիյանի խոսքով՝ այսօրվա դրությամբ Հանրապետական բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում այդ ախտորոշմամբ 15 հիվանդ: Մինչ այդ հիվանդների թիվը հասնում էր 28-ի: