Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների հնգօրյա համաժողովը

2020 թ. փետրվարի 24-28-ին Երևանում և Ստեփանակերտում գումարվեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համաժողովը։

Համաժողովին մասնակցեցին Հայ դատի ավելի քան 20 հանձնախմբերի  ու գրասենյակների և ՀՅԴ կուսակցական մարմինների մոտ 50 ներկայացուցիչներ։

Համաժողովը քննարկեց Հայ դատի աշխատանքների ընթացքը 2019  թ. հունվարից առ այսօր։ Լսեց զեկույցներ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մարտահրավերների և  ՀՀ  ներքաղաքական իրավիճակի մասին։

Խորհրդաժողովի օրակարգի հիմնական հարցերն էին.

  • ՀՀ-ին ի նպաստ իրազեկման (լոբբինգ) աշխատանքներ.
  • Պայքար Արցախի միջազգային իրավական ճանաչման համար և Ադրբեջանի հակահայ քաղաքականության դեմ, Արցախի բարեկամների ցանցի աշխուժացում.
  • Աշխատանքներ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և պահանջատիրական պայքարի ուղղությամբ.
  • Ջավախքի հայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ նախաձեռնություններ.
  • Նախիջևանի հայկական ինքնության արծարծում միջազգային շրջանակներում.
  • Սևրի դաշնագրի և Հայաստան-Թուրքիա սահմանի մասին Վիլսոնյան իրավարար վճռի 100-ամյակի նշում քաղաքական բովանդակությամբ.
  • Մոսկվայի և Կարսի դաշնագրերի 100-րդ տարին. դրանց հետևանքների սրբագրման և վերացման ձևերը.
  • Սիրիայի, Լիբանանի, ընդհանրապես Մերձավոր Արևելքի հայությանը աջակցություն (տեղում և Հայաստանում).
  • Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների հնարավորությունների զարգացում։

Համաժողովը յուրաքանչյուր հարցի շուրջ հանգեց համապատասխան եզրակացությունների և կայացրեց որոշումներ առաջիկա գործունեության վերաբերյալ։

Համաժողովը մտահոգություն արձանագրեց Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունների ներկա փուլի շուրջ ստեղծված անորոշությունների վերաբերյալ և շեշտեց հայկական քաղաքական բոլոր ուժերի կողմից վերահաստատման կարևորությունը, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն  առաջնահերթություն է կարգավորման գործընթացում։

Համաժողովի ժամանակ ողջույնի ուղերձով հանդես եկավ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ով ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդին պարգևատրեց «Երախտագիտություն» մեդալով՝ «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված ակտիվ գործունեության, Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար»։ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ  Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ստանալով մեդալը, հայտնեց, որ այն գնահատականն է  Հայ դատի ողջ համակարգի գործունեության։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդ
Երևան, 29 փետրվարի  2020 թ.

Տեսանյութեր

Լրահոս