Դիմակների դեֆիցիտ կա, բայց այն արհեստական չէ. ՏՄՊՊՀ նախագահ
Հայաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին հայտարարելուց հետո դեղատներում բժշկական դիմակների դիֆիցիտ առաջացավ: Մարդիկ սկսեցին ահազանգել, որ դեղատներում դիմակներ չկան, իսկ լինելու դեպքում էլ՝ դրանք մի քանի անգամ թանկացել են:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ևս հաստատում է՝ Հայաստանում, ինչպես այսօր ամբողջ աշխարհում, կա դիմակների դեֆիցիտ, բայց Հայաստանի դեպքում դիմակների թվի պակասի խնդիրն այլ է:
«Որոշ ժամանակ առաջ տեղի է ունեցել դիմակների արտահանում, ընդ որում՝ արտահանումը տեղի է ունեցել ոչ խոշոր վաճառողների կողմից: Խոշոր դեղատնային ցանցերը դիմակ չեն արտահանել: Որևէ խոշոր ներմուծողի մոտ որևէ դիմակի գին չի բարձրացվել: Այս պահին կան ցանցեր, որտեղ դիմակ ընդհանրապես գոյություն չունի, բայց գին չի բարձրացվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահը՝ վստահեցնելով, որ արհեստական դեֆիցիտ երկրում չկա, այսինքն, չկան ներմուծողներ, որոնք դիմակները չեն վաճառում, և պահում են ավելի թանկ վաճառելու համար:
Գեղամ Գևորգյանը նաև հերքում է այն տեղեկությունը, թե կա գների չհիմնավորված բարձրացում: Գևորգյանի խոսքով՝ այն փաստը, որ փոքր դեղատներում դիմակի գների բարձրացում կա, դեմակներ են վաճառվում անգամ list.am կայքում, այդ դեպքերի կանոնակարգումը ՏՄՊՊՀ տիրույթում չի գտնվում: Փոխարենը՝ վստահեցնում է, որ հիմնական ծավալ ապահովող ընկերությունները գնային փոփոխություն այս պահին չեն իրականացրել:
ՏՄՊՊՀ նախագահը նաև տեղեկացրեց, որ այս պահին բանակցություններ են իրականացնում դրսի գործընկերների հետ, որպեսզի արտաքին արտադրողին կապեն հայ ներմուծողի հետ:
«Աշխարհում դիմակների դիֆիցիտ կա, և դիմակների գները որոշակի առումով դրսում բարձրացել են: Այսինքն, եթե նույնիսկ կարողանան նոր խմբաքանակները թանկ գնով ձեռք բերել, Հայաստանում լինելու է թանկ: Եթե ձեռք են բերում 150 դրամով, չեն կարող վաճառել 30 դրամով»,- ասաց Գեղամ Գևորգյանը՝ նշելով, որ նոր խմբաքանակի ներմուծման ժամկետի մասին տեղեկություն չկա, իսկ հայ ներմուծողներն էլ մտավախություն ունեն, որ դիմակները թանկ գնով ձեռք կբերեն ու կդառնան բոլորի քավության նոխազը:
Գեղամ Գևորգյանը նշում է՝ դիմակների անհրաժեշտություն չկա, բայց, չգիտես ինչու, բոլորն ուզում են դիմակ կրել: ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ իրենք կիրակի օրն աշխատել են, այցելել են 90 դեղատուն, և 30 %-ում դիմակ եղել է:
Գևորգյանի դիտարկմամբ՝ Առողջապահության նախարարությունն ունի պահեստավորված դիմակներ՝ սեփական կարիքների համար, իսկ հիվանդանոցների համար պահեստավորված դիմակներ կան խոշորներ ներկրողների մոտ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում