«Վարակվածը մի երիտասարդ է». Բեռլինում հաստատել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը
Բեռլինում հաստատել են նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, պացիենտը հոսպիտալացվել եւ գտնվում է կայուն վիճակում: Այդ մասին մարտի 2-ին հայտնել է Գերմանիայի մայրաքաղաքի առողջապահության գլխավոր վարչությունը։
«Վարակվածը մի երիտասարդ է, որն ապրում է Միտեի շրջանում: Նրա վիճակը կայուն է: Նա մեկուսացվել է «Շարիտե» կլինիկայում եւ հետազոտվում է»,-ասված է վարչության մամուլի տեղեկագրում: Իշխանություններն ի հայտ են բերել այն տասը մարդկանց, որոնք շփվել են հիվանդի հետ: Խոսքն ինչպես Բեռլինի բնակիչների, այնպես էլ Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի շրջանի բնակիչների մասին է։ Նրանք բոլորը գտնվում են տնային կարանտինային հսկողության ներքո եւ վիրուսի առկայության ստուգում են անցնելու, իշխանությունները շարունակում են փնտրել այլ մարդկանց, որոնք, հնարավոր է նրա հետ շփումներ են ունեցել: Մարտի 1-ի դրությամբ Գերմանիայում հաստատվել է կորոնավիրուսի 129 դեպք: Այսպիսով, Բեռլինի պացիենտը դարձել է 130-րդ վարակվածը: Կորոնավիրուսը գրանցվել է ԳԴՀ-ի 16 դաշնային երկրամասերից 10-ում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: