
Իրաքի նշանակված վարչապետը հրաժարվել է կաբինետ կազմելուց և հետ է կանչել իր թեկնածությունը

Իրաքի վարչապետի պաշտոնին նշանակված Մուհամեդ Թաուֆիք Ալաուին հրաժարվել է կառավարություն կազմելուց եւ մարտի 1-ին հետ է կանչել իր թեկնածությունը: Համապատասխան հայտարարությունը տարածել է նրա գրասենյակը։
«Ես իմ խնդիրը տեսնում էի այն բանում, որ կազմեմ անկախ կառավարություն, որը կարողանար արդյունավետ եւ անարգել աշխատել ժողովրդի պահանջների կատարման նպատակով,- ասել է նա:- Ես միանգամից նախազգուշացրեցի, որ կհեռանամ, եթե ինձ վրա ճնշում գործադրեն, եւ դա տեղի ունեցավ: Որոշ կողմեր իրենց բանակցությունները վարում էին բացառապես հանուն իրենց նեղ շահերի՝ առանց ազգային իրադրության ըմբռնման»: Ալաուիի խոսքով՝ այն պատճառով, որ խորհրդարանում երկու անգամ քվորում չհավաքվեց, «ինքն իր ներողությունն է հայցում եւ հրաժարվում է նախարարների կաբինետի հետագա ձեւավորումից»:
Ալաուիի հայտարարությունից հետո Իրաքի նախագահ Բահրամ Սալեհը քաղաքական կուսակցություններից պահանջել է 15 օրվա ընթացքում իրեն ներկայացնել այլընտրական թեկնածություն: «Մենք կոնսուլտացիաներ ենք սկսում Իրաքի կառավարության ղեկավարի պաշտոնի նոր թեկնածուի ընտրության շուրջը»,- մեջբերում է նրա հայտարարությունը Al Arabiya հեռուստաալիքը:
Քաղաքական կուսակցությունների միջեւ տարաձայնությունների եւ փոխհամաձայնության բացակայության պատճառով խորհրդարանը մեկ շաբաթվա ընթացքում երկու անգամ չի կարողացել հավաքվել նշանակված վարչապետի նախարարների կաբինետին վստահության քվե տալու համար, չնայած այն բանին, որ ապրիլի 2-ին լրանում էր օրենքով հատկացված ժամկետը կառավարության կազմի շուրջ քվեարկության համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: