
Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսի հետևանքով մահացել է ավելի քան 100 մարդ. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Չինաստանի սահմաններից դուրս նոր կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 7 հազար մարդ։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մարտի 1-ին հրապարակված զեկույցում։
Նշվում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Չինաստանից դուրս հիվանդության 1160 նոր դեպք է արձանագրվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7169-ի:
Վարակակիրների թվով առաջին տեղում է Հարավային Կորեան՝ վերջին մեկ օրվա ընթացքում 586 մարդ, երկրորդ տեղում Իտալիան՝ 240 նոր դեպք, երրորդը՝ Իրանը, որտեղ հաստատել են վարակման 205 դեպքի մասին:
Վիրուսը տարածվել է 58 երկրներում։ Ընդհանուր առմամբ ՉԺՀ-ի սահմաններից դուրս կորոնավիրուսի հետևանքով 104 մարդ է մահացել:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանում COVID-19 վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 80 026-ի, որոնցից 2912-ը՝ մահվան ելքով: