«Եթե 2008թ. Փաշինյանը լիներ Ռոբերտ Քոչարյանի տեղում, նա ամեն ինչ կարող էր անել». Տիգրան Քոչարյան

2008 թվականի Մարտի 1-ի ողբերգություններից 12 տարի անց շարունակում եմ պնդել, որ Մարտի 1-ի էջը փակված չէ, և այդ ողբերգության ամենաիրական պատասխանատուներն ապագայում վերջնական պատասխան են տալու: Պատասխանելու են հարցերին՝ թե ինչո՞ւ սադրեցին ժողովրդին, ինչո՞ւ ուղարկեցին նրանց բախման, ինչո՞ւ շարժման պարագլուխն ասաց՝ «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի», բայց իր տղային փախցրեց Հայաստանից։ Այսօր 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը՝ նշելով, որ, թեև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որը հանդիսանում էր մարտիմեկյան իրադարձությունների ժառանգորդ, փորձեց գնալ հասարակական համերաշխության և փոխզիջումների, սակայն այսօր այն ուժը, որը մշտապես շահարկել է այդ դեպքերը, դարձյալ դիմում է շահարկումների՝ լավ իմանալով, որ այդ իրադարձությունները նախապես շատ լավ պլանավորված են եղել։

Տիգրան Քոչարյանը համամիտ չէ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի այն տեսակետի հետ, թե նախորդ իշխանությունները մեկ առ մեկ վարձահատույց են եղել այն անձանց, որոնք արել են հնարավորը Մարտի 1-ի բացահայտումը «տապալելու համար»։

«Լևոն Զուրաբյանը շատ հարցերի պատասխաններ պետք է տա, որովհետև նա կրում է այն ուժի պատասխանատվությունը, որը մարդկանց ստիպեց մնալ Մյասնիկյանի արձանի մոտ։ Լևոն Զուրաբյանը, որը շատ ակտիվ կազմակերպիչ էր, մի քանի հարցի պատասխան հաստատ պետք է տա։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ժամանակ գործի ամբողջական բացահայտմանը չհասնելուն, ապա նա ամեն ձևով փորձեց իրավիճակը հարթել, իհարկե, կարող էր էլ ավելի սրել իրավիճակը, մարդկանց մեղադրել, մեղադրել այդ նույն ցուցարարներին, բայց նա գնաց այլ ճանապարհով, թեև ես նրա փոխարեն եթե լինեի՝ կգնայի մինչև վերջ, կփորձեի պարզել՝ ովքեր են սպանել ՀՀ 10 քաղաքացու։ Սա էր, որ որակվեց Սերժ Սարգսյանի կողմից թուլություն»,- ասաց Քոչարյանը՝ ընդգծելով, որ Մարտի 1- հարցում չկա մեկ մեղավոր կողմ, և հետևաբար՝ բոլոր կողմերը պետք է կրեն պատասխանատվության իրենց չափաբաժինը։

Հարցին՝ ըստ նրա՝ իսկ ի՞նչ կաներ Նիկոլ Փաշինյանը, եթե լիներ Ռոբերտ Քոչարյանի տեղում 2008 թվականի մարտյան դեպքերի ժամանակ, մեդիափորձագետը պատասխանեց.

«Չեմ էլ ուզում պատկերացնեմ. եթե Փաշինյանը լիներ Ռոբերտ Քոչարյանի տեղում, նա ամեն ինչ կարող էր անել, կարող էր և ավելի շատ վատ բաներ անել, կարող էր նաև թողնել ու հեռանալ. ի վերջո՝ նա անհաշվարկելի մարդ է»։

Անդրադառնալով վաղը կայանալիք Մարտի 1-ի երթին՝ Քոչարյանը նշեց, որ քանի որ Փաշինյանը եղել է այդ իրադարձությունների կիզակետում, եղել էր բախումների հրահողը, հիմա պարզ է, որ իր համար շատ ավելի կարևոր է Մարտի 1-ը, և ոչ թե, ասենք, Հոկտեմբերի 27-ի ողբերգությունը։

«Այստեղ պետք է հաշվի առնել նաև այն, որ, ինչպես ՀԱԿ-ի համար է Մարտի 1-ը մշտապես եղել քարոզչության մի մաս, այնպես էլ Փաշինյանի համար է այդպես, բայց այստեղ՝ Փաշինյանի դեպքում, ավելանում է նաև վրեժխնդրությունը Ռոբերտ Քոչարյանից։ Նա ամեն տարբերակով փորձելու է պատժել Քոչարյանին, և այն PR-ը, որը մենք տեսնում ենք, արվում է վրեժխնդրության նպատակով։ Ինչ վերաբերում է վաղվա երթին, ապա ես զարմանում են Փաշինյանի համառության վրա, որով նա փորձում է վաղը ժողովրդին հանել փողոց. չէ՞ որ Հայաստանում մեծ տարածում ունեն գրիպի տարբեր տեսակները։ Այն համառությունը, որով ցանկանում է այդ երթը անել, ինձ թույլ է տալիս ասելու, որ սա քարոզչական շոու է, որովհետև, եթե նա իսկապես մտածեր ժողովրդի մասին, այդ երթը չէր անի։ Չի բացառվում, որ մենք կորոնավիրուսի մասին իմանանք Մարտի 1-ի երթից հետո»,- ասաց Քոչարյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս