ԲԴԽ-ի որոշումը ստանալուց հետո դատավոր Արայիկ Մելքումյանը կվերադառնա Հայաստան

Փետրվարի 27-ին Բարձրագույն  դատական խորհուրդը վերականգնել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները:

Արայիկ Մելքումյանը, որն այս պահին սովորում և մասնագիտական գործունեություն է ծավալում արտերկրում, 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ԲԴԽ-ի որոշումը դեռ չի ստացել։

«Որոշում է կայացվել ինձ տեղափոխելու ռեզերվային կարգ, ինչը նշանակում է, որ ազատ հաստիք չի եղել, որոշումը դեռ չեմ ստացել, չգիտեմ, թե այնտեղ ինչ է նշված, բայց հավանաբար սա է պատճառը, որ տեղավորել են ռեզերվային կարգում։ Որոշումը ստանալուց հետո անպայման վերադառնալու եմ Հայաստան»,- նշեց Արայիկ Մելքումյանը։

Ինչ վերաբերում է ԲԴԽ-ի կողմից հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելու մասի պահանջի մերժմանը, մեր զրուցակիցն ասաց, որ այդ որոշումն անպայման բողոքարկելու է, քանի որ Դատական օրենսգրքով սահմանված է, որ ամբողջ պարապուրդը ենթակա է պարտադիր վճարման։

«Քանի որ որոշումը չեմ ստացել, չգիտեմ, թե այս պահանջի մերժման պատճառաբանությունը որն է, այս պահին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բողոք ունեմ, այս մասով այդ բողոքը լրացնելու եմ։ Ընդհանուր առմամբ պահանջը բավարարելու մասով գոհ չեմ, պարապուրդի մասով աշխատավարձի հատուցման մասը մերժվեց, ինչն ինձ համար անհասկանալի և անընդունելի է, քանի որ իմ լիազորությունների դադարեցումը հակասահմանադրական է ճանաչվել, հետո էլ պետք է հասկանամ, թե ինչն է հիմք հանդիսացել, որ ԲԴԽ-ն որոշել է ինձ ուղարկել ռեզերվային կարգ, և որքան պետք է սպասեմ, որպեսզի զբաղեցնեմ իմ պաշտոնը։ Այդ պատճառով էլ բավարարված չեմ և ԲԴԽ-ի որոշումը ստանալուց հետո կմտածեմ իմ հետագա քայլերի մասին, եթե չեմ սխալվում, որոշումը կայացնելուց հետո 7 օրվա ընթացքում պետք է այն ինձ ուղարկեն»,- շեշտեց Ա. Մելքումյանը։

Նա նաև նկատեց՝ եթե իր լիազորությունները դադարեցնելուց հետո բողոք չներկայացներ, այդպես էլ չէր վերականգնվի պաշտոնում, և կստացվեր, որ ԲԴԽ-ի նախկին կազմի կայացրած որոշումը ճիշտ էր։

«Այդպես էլ որևէ մեկը չէր իմանա, որ իրականում նման որոշումներ են կայացվում, որոնք հակասահմանադրական կարող են ճանաչվել։ Բողոքարկելուց հետո, ըստ էության, պարզաբանվեց, որ հակասահմանադրական որոշման արդյունքում են ինձ հեռացրել աշխատանքից։ Կարծում եմ՝ ցանկացած անձ, որը գտնում է, որ իր նկատմամբ տարբեր մարմինների կողմից հակասահմանադրական որոշում է կայացվել, կարող է բողոքարկել»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարի 14-ին Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվել էին Արայիկ Մելքումյանի լիազորությունները: ԲԴԽ-ն նման որոշում էր կայացրել Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի 2018 թվականի դեկտեմբերի 25-ին ներկայացրած միջնորդությունը քննելուց հետո՝ Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

Ըստ ԲԴԽ պաշտոնական հաղորդագրության՝ կարգապահական վարույթի պատճառն ուժի մեջ չմտած դատական ակտին Արայիկ Մելքումյանի կողմից կատարողական թերթ տալն է եղել։
Այս ամենից հետո Արայիկ Մելքումյանը դիմել էր Սահմանադրական դատարան՝ լիազորությունները վերականգնելու պահանջով։

Տեսանյութեր

Լրահոս