«Եթե արտաքին վտանգները չկարողանանք չեզոքացնել, ներսի պայքարն անիմաստ է դառնում». մեդիափորձագետ

«Այդ հարձակումն ինչ-որ չափով անսպասելի էր մեզ համար». «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը «Խոջալու 28. Ինչպե՞ս հակազդել ադրբեջանական քարոզչությանը» խորագրով քննարկման ժամանակ անդրադառնալով երեկ համաշխարհային և, հատկապես, ռուսական մամուլում տարածված տեղեկատվությանը Խոջալուի դեպքերի մասին՝ ասաց, որ ադրբեջանցիները հակահայկական քարոզչություն են սկսել:

«Մենք տեսանք, որ մեկ օրվա ընթացքում ռուսական առաջատար թերթերում բացահայտ քարոզչական բնույթ կրող և շատ միակողմանի, հայկական գործոնը շատ սև ներկայացնող նյութեր էին հրապարակվում: Անսպասելի էր այն առումով, որ այդ լրատվամիջոցների հետ տարիներ շարունակ աշխատանքներ են տարվել, և այս թեմաներն էլ օտար չեն ռուսական մամուլին: Նախկինում հակահայկական քարոզչության ցանկացած նման փորձ արժանացել է շատ լուրջ ու փաստարկված  պատասխանի, լրատվամիջոցներն էլ խուսափում էին միակողմանի քարոզչություն իրականացնելուց»,- ասաց Մելիք-Շահնազարյանը:

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավարը նաև հիշեցնում է, որ նախկինում պետական մարմինների և գիտական հանրույթի միջև կար լուրջ համագործակցություն, մասնավորապես՝ փորձագիտական շրջանակների հետ ակտիվ աշխատում էին Արտաքին գործերի և Սփյուռքի նախարարությունները, նախագահի աշխատակազմը: Մելիք- Շահնազարյանի խոսքով՝ այդ աշխատանքը կարծես կասեցված է, արդյունքները՝ նկատելի.

«Փաշինյան-Ալիև մյունխենյան հանդիպման ժամանակ խոսելով Խոջալուի մասին՝ վարչապետ Փաշինյանը հղում է կատարում բացառապես Մութալիբովի  հայտարարությանը, այն պարագայում, երբ Խոջալուում հայկական կողմի շատ մարդասիրական մոտեցման մասին  բազում այլ ապացույցներ կան։ Բազմաթիվ ապացույցներ կան նաև այն մասին, որ Ադրբեջանում կար Խոջալուի բնակիչներին կրակի բերան թողնելու, հետո այդ զոհերը ներքաղաքական տեսակետից շահարկելու մտադրություն։ Փորձագետների հետ համագործակցությունը թուլացնելու հետևանքով տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները փաստագրական բազան լիարժեք չեն օգտագործում, ինչը հնարավորություն է տալիս հակառակորդին կարծելու, որ, ըստ էության, տեղեկատվական-քարոզչական ճակատը բաց է, և ահա այսպիսի գրոհով կարողացան լուրջ հաջողության հասնել, ազդել նաև Հայաստանի բնակչության տրամադրությունների վրա»:

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի խոսքով՝ նմանատիպ հարձակումները կանխատեսելի են, հատկապես՝ Խոջալուի դեպքերի տարելիցին ընդառաջ, իսկ նման հարձակումներին դիմագրավելու համար պետք է պատրաստվել ամառվանից: Ադրբեջանագետը, իր բնորոշմամբ, հոռետեսական կանխատեսումներ ունի՝ պատկերն ավելի է բարդանալու, քան այս պահին է, քանի որ Ադրբեջանը փոխում է մարտավարությունը և ավելի հասկանալի է դառնում աշխարհին, իսկ մեր՝ նման իրավիճակներին դիմագրավելու կարողությունը երևում է այսպիսի իրավիճակներում:

«Հայաստանն ադրբեջանական քարոզչությանը պատասխանում էր հիմնականում քթածակ ունենալու հաշվին, կապերի, սփյուռքի, Արտաքին գործերի նախարարության աշխատանքի հաշվին: Խոջալուի դեպքերի շուրջ հայկական կողմը վաղուց արդեն փաստավավերագրական բազան ստեղծել է, բաց դրված է: Այստեղ խնդիր չկա գտնելու, նորից ստեղծելու, պարզապես անհրաժեշտ է օգտագործել առկա նյութերը, սոցցանցերի հնարավորությունները, պաշտոնյաների պաշտոնական էջերը, ինչպես անում են Իլհամ Ալիևն ու Մեհրիբան Ալիևան՝  ընտանյոք հանդերձ: Մենք տեսնում ենք, որ նրանք ապատեղեկատվություն են տարածում ամբողջ աշխարհով մեկ, իսկ իրենք ունեն մեծ լսարան: Այստեղ առնվազն նույն բանը պետք է անի հայկական կողմը: Այս պահին մենք ունենք հետևյալ պատկերը՝ հայկական կողմը գրեթե չի հակադարձում ադրբեջանական քարոզչությանը»,- ասաց Անժելա Էլիբեգովան:

Ադրբեջանագետի խոսքով՝ մենք փաստերի խնդիր չունենք, տարիներ շարունակ բացահայտել և հերքել ենք ադրբեջանցիների  տարածած ապատեղեկատվությունը, միայն թե չենք խոսում միջազգային հանրությանը հասկանալի լեզվով:

«Մեր թեզերը չեն հիմնվում հայկական կողմի վկայությունների վրա, հիմնական հենքը ադրբեջանական կողմի պաշտոնյաների, փախստականների, թուրք մեսխեթցիների, միջազգային լրատվամիջոցների վկայություններն են:  Մութալիբովով մեր բազան ոչ սկսվում, ոչ էլ ավարտվում է»,- վստահեցրեց ադրբեջանագետը:

«Խոջալու.նեթ» կայքի հեղինակ Արմինե Ադիբեկյանի խոսքով՝ այն պնդումները, թե հայերը խոշտանգել են ադրբեջանցիներին, իրականությանը չեն համապատասխանում: Ադրբեջանական կողմում տարածված իբրև թե Խոջալուի զոհերի ամենահայտնի նկարի միֆը հենց իրենք են բացահայտել: Այս և մի շարք այլ տեղեկությունների, նկարների և տեսանյութերի միջոցով պատմվում է «Ի՞նչ է պատահել Խոջալուում» գրքում:

«Այս նկարում դաշտ է, որտեղ մահացած մարդիկ են: Սա դարձել էր ադրբեջանական քարոզչամեքենայի սիմվոլը, անգամ Մեհրիբան Ալիևայի հովանու ներքո լույս տեսած բրոշյուրներում այս նկարը տպագրվում էր հենց առաջին էջի վրա:

Պարզվեց, որ սա Սերբիայում զոհված բոսնիացիներն են, և դա տեղի է ունեցել 1999թ.-ին, իհարկե, որևէ կապ չունի ադրբեջանցիների ներկայացրած իրադարձությունների հետ: Նրանց փաստավավերագրական հիմնական բազան հիմնվում է ադրբեջանցի օպերատոր Չինգիզ Մուստաֆաևի վիդեոխրոնիկայի վրա: Նա այստեղ եղել է երկու անգամ, առաջին անգամ երկու օր անց՝ փետրվարի 28-ին, նկարահանել է այդ դիակներն ու զարմացել, թե ինչու դիակներն այդտեղից չեն տարել, երկրորդ անգամ այցելում է երեք օր անց և տեսնում է դիակները՝ այլանդակված վիճակում:

Ադրբեջանական  քարոզչամեքենայի հիմնավորումներից մեկն այն էր, որ, երբ օպերատորը տեսնում է պղծված դիակները, հարցնում է՝ ո՞վ է սա արել, նրանք ներկայացնում էին, որ անգամ օպերատորն է զարմանում, թե ինչպես կարող էր մարդը նման բան անել:  Հետագայում, երբ օպերատորի ցուցմունքները հրապարակվեցին, պարզ դարձավ, որ նա նկատի ուներ ոչ թե բուն սպանությունները, այլ այն, թե ով էր դիակներն այլանդակել, որովհետև մի քանի օր առաջ նա նկարահանել էր չպղծված դիակներ»,- փոխանցեց Արմինե Ադիբեկյանը:

«Սովորական ցեղասպանություն» ծրագրի ղեկավար Մարինա Գրիգորյանը պնդեց, որ նախ և առաջ պետք է անդրադառնալ այն փաստին, թե ի՞նչ էր տեղի ունենում մինչև Խոջալուի դեպքերը: Նա կոչ է անում այս հարցում միասնական լինել:

«Կարծում եմ՝ սա այն հարցն է, որտեղ սևեր ու սպիտակներ չպիտի լինեն, պիտի գործադրել միասնական ջանքեր, այլապես մենք տանուլ կտանք այն ձեռքբերումները, որոնք ունեցել ենք նախկինում»,-շարունակեց միտքը Մարինա Գրիգորյանը:

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը կեսկատակ-կեսլուրջ պատմեց, որ առաջ, երբ նման հոդվածներ էին տպագրվում, լրագրողներն ու խմբագիրները խնդիրներ էին ունենում անգամ տանը: Եվ Քոչարյանը լրջանալու կոչ է հնչեցնում.

«Ցավոք սրտի, այն կառույցը, որը զբաղվում էր հակահայկական քարոզչությունը դիմագրավելով, հիմա զբաղված է ֆեյքաբուծարանով, ապուշ տեսանյութեր տարածելով, «Այո»-ի և «Ոչ»-ի քարոզով:  Այն ուղղությունը թողել են, այստեղ էլ առանձնապես բանի չեն հասել: Այն տասնյակ, հարյուր-միլիոնավոր դոլարները, որ ուղղվում են աշխատավարձերի և պարգևավճարների, ժամանակն է ուղղել արտաքին վտանգների դեմ: Եթե արտաքին վտանգները չկարողանանք չեզոքացնել, ներսի պայքարն անիմաստ է դառնում»:

Տեսանյութեր

Լրահոս