Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի պաշտպանների՝ դատախազին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը

Երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստում Սերժ Սարգսյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը գործով մեղադրող դատախազ, ՀՀ գլխավոր դատախազության ՀՔԾ-ում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց:

Փաստաբանը միջնորդությունը ներկայացնելիս նախ՝ նշեց, որ օրենքի համաձայն՝ դատախազը չի կարող մասնակցել վարույթին, եթե ուղղակի կամ անուղղակի շահագրգռված է գործի ելքով, կամ, եթե տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք կարող են կանխակալ կարծիք ստեղծել անկախ դիտորդի մոտ:

Փաստաբանի խոսքով՝ այս քրեական գործից տպավորություն է, որ Դատախազությունն ամեն գնով հապճեպ քայլեր է ձեռնարկել, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրի: Ըստ նրա՝ նախաքննության ընթացքում խախտվել են օրինականության, ապացույցների գնահատման, անմեղության կանխավարկածի որոշ սկզբունքներ:

Ռուբեն Հակոբյանը մանրամասն անդրադարձավ նախաքննության ընթացքում՝ ինչպես Սերժ Սարգսյանի հարցաքննության, այնպես էլ՝ մեղադրանք առաջադրելու գործընթացում տեղի ունեցած խախտումներին:

«Բացառում ենք, որ դատախազ Արսեն Մարտիրոսյանն այդ խախտումները չի նկատել: Հռետորական հարց է առաջ գալիս՝ կարո՞ղ է արդյոք նման բնույթի և քանակի խախտումների վրա աչք փակած դատախազն այդ նույն գործով օբյեկտիվ, անկողմնակալ, անաչառ  և անկախ մեղադրող լինել: Մեզ համար պատասխանն ակնհայտ է»,- ասաց Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով, որ հույս ունեն, որ դատախազը «քաղաքացիական արիություն կցուցաբերի» և ինքնաբացարկ կհայտնի: Փաստաբանի խոսքով՝ դատախազի ինքնաբացարկ չհայտնելու դեպքում պաշտպանական կողմը նրան կներկայացնի բացարկի միջնորդություն:

Սերժ Սարգսյանը միացավ իր փաստաբանների ներկայացրած միջնորդությանը:

Դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ, որոշումը պիտի հրապարակվեր այսօր:

Եվ ահա այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Վահե Միսակյանի գլխավորությամբ, մերժեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանի միջնորդությունը` գործով դատախազ Արսեն Մարտիրոսյանին բացարկ հայտնելու մասին։

Այսօրվա դատական նիստն այսքանով ավարտվեց։ Հաջորդ նիստը կկայանա ուղիղ մեկ ամիս անց` մարտի 26-ին։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանական խումբը դեռ ծանոթ չէ դատարանի՝ դատախազին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ մերժման որոշմանը։

«Կծանոթանանք, նոր կարծիք կհայտնենք դատական ակտի վերաբերյալ»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը՝ շարունակելով պնդել՝ դատախազն այս գործով անաչառ չէ։

Երրորդ նախագահի պաշտպանն ասաց, թե իրենց հետագա քայլերի մասին դեռ չեն խոսի։

«Մենք դատախազի անձի հետ խնդիր չունենք, խնդիր ունենք դատախազի գործողությունների հետ»,-  նշեց նա՝ գործից գաղտնիք բացելով:

«Ես հարցում եմ արել ՀՀ վիճակագրական ծառայություն, հարցրել եմ, ասել եմ՝ կարո՞ղ եք ասել՝ 2013 թվականին ի՞նչ արժեր դիզելային վառելիքը՝ մեծածախ, մանրածախ, մեզ միայն մանրածախի գներն են տրամադրել՝ 465-467, պատկերացնո՞ւմ եք։ Մեծածախն այս դեպքում բարձր գին է ունենալու՝ այն տրամաբանությամբ, որ ոչ թե անձն է գնում ստանում դա բենզալցակայանից, այլ անձին տանում են, հասցնում իր տուն, այսինքն՝ դրանից գինն ավելի բարձրանում է։ 2013 թվականին դիզելային վառելիքը եղել է ոչ պակաս գնի, քան 457, 460»,- ասաց պաշտպանը։

Մակինյանը նշեց, թե քրեական գործով անհրաժեշտ էր, որ տնտեսական հաշվարկներ կատարվեին։

Պաշտպանն ասաց, որ, երբ ստացել է հարցման պատասխանը, ուղարկել է քննիչին։

«Ասում եմ՝ հարգելի քննիչ, էս տեղեկատվությունը գործի համար կարևոր նշանակություն ունի, ու միջնորդում եմ՝ ապացույց ճանաչել, կցել գործին, քննիչը մեզ մերժել է»,- ասաց նա՝  դատարանում անակնկալներ խոստանալով:

Տեսանյութեր

Լրահոս