Ավշարի նախկին դպրոցը List.am-ում էր հայտնվել. քրեական գործ է հարուցվել. մանրամասնում է Արարատի մարզպետը  

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ հարուցված գործերը դեռ ընթացքի մեջ են. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ինքը՝ մարզպետը: Ասում է՝ իր հիշելով՝ դրանք 5-ն են, որոնք ներկայացրել են մարզպետարանի նախկին աշխատակիցները, բժշկական կենտրոնների նախկին տնօրեններ: Արարատի մարզպետարանը ևս հայցեր ունի ներկայացրած.

«Պահանջում ենք անհապաղ քրեական գործ հարուցել մեկ բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրենի նկատմամբ, քանի որ նա տարիներ շարունակ ինքնագործունեությամբ է զբաղվել, առանց հիմնադրի թույլտվության, առանց մարզպետի որոշման՝ իր աշխատավարձը բարձրացրել է, տարիներ շարունակ պայմանագրում նշվածից ավելի աշխատավարձ է ստացել: Խոսքը «Վեդի» ԲԿ-ի տնօրենի մասին է, գործն այժմ դատարանում է, քննչական գործընթացի ընթացքում այն կարճվել էր, հիմա բողոքարկում ենք, որ անհապաղ գործ հարուցվի և պատճառված վնասը վերականգնվի»:

Քրեական գործ կա հարուցված նաև Արարատի մարզի մի քանի համայնքների ղեկավարներ դեմ: Մասնավորապես՝ Ավշար համայնքի գործող ղեկավար Սուրիկ Գրիգորյանի նկատմամբ գործով շուտով դատական գործընթաց կսկսվի: Գարիկ Սարգսյանը նշեց, որ համայնքի ղեկավարը պետական գույքը դարձրել է համայնքի սեփականություն, ապա անօրինական սեփականացրել է.

«Կառավարության 1997թ. համար 51 որոշմամբ՝ համայնքներին մի շարք գույքեր են փոխանցվել, համայնքի ղեկավարը գտել է, որ սոցիալ-կենցաղայինի մասին տողով դպրոցի մի մեծ շենք կարող է համայնքային դարձնել, ապա  աճուրդի միջոցով վաճառել իր վարորդին, վարորդն էլ՝ համայնքապետի աղջկան: Դե պարզ է, որ աղջկա անունով է, բայց համայնքի ղեկավարինն է: Նա պայմանագիր է  կապել իր աղջկա հետ և 4 տարի շարունակ տարածքը վարձակալել է ամսական 120.000 դրամով: Դա  հայտնաբերել ենք 2019-ի գարնանը, Կադաստր հարցում ենք ուղարկել և գործերն ուղարկել  Դատախազություն, քրեական գործ հարուցվեց: Իրենք ընդունել են մեղքը: Պետական շահի վերականգնում է տեղի ունենալու և դպրոցի շենքը հետ է վերադարձվելու պետությանը»:

Սարգսյանի խոսքով՝ այնտեղ կարատեի խմբակ է գործել, սակայն դա որևէ կերպ չի արդարացնում տեղի ունեցածը: Ամեն ինչ բացահայտվել է, երբ համայնքի ղեկավարը տարածքը վաճառելու փորձ է արել.

«List.am-ում հայտարարություն էր տարածվել, և այդ գույքը վաճառքի էր հանվել 200.000 դոլարից ավելի գումարով՝ կարծեմ 240 հազար դոլար: Փորձում էին վաճառել»,- ասաց մարզպետը:

Տեսանյութեր

Լրահոս