Գարիկ Սարգսյանը ՔՊ-ի դրամահավաքին երկու-երեք գործարար է հրավիրել

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ի թիվս իր այլ կուսակիցների, երեկ մասնակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 9-րդ դրամահավաք-երեկոյին: 168.am-ի հարցին, թե դրամահավաքին մասնակցե՞լ է, հյուրեր ունեցե՞լ է, Սարգսյանը պատասխանեց.

«Իմ կողմից հրավիրված հյուրեր եղել են, երկու-երեք գործարար եմ հրավիրել: Իրենք մասնակցել են դրամահավաքին, ես՝ նույնպես»:

Դրամահավաքի արդյունքում հավաքվել է 205 մլն 560 հազար դրամ: Ավելի վաղ մամուլը գրել էր, որ կուսակցականներին պարտադրել են «4-5 հոգի հետները բերել, և միասին 1 մլն դրամ ապահովել»:

Գարիկ Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե ինքն ու իր հյուրերը որքա՞ն գումար են նվիրաբերել հիմնադրամին, սակայն մարզպետը գերադասեց գումարի չափը գաղտնի պահել:

«Թույլ տվեք գումարի չափ չասել, թե ինչքան է տրամադրվել: Եթե օրենքը թույլ է տալիս, ցանկը կհրապարակվի, այնտեղ կտեսնեք: Օրենքի պահանջն է, որ 1 հոգին 500.000 դրամից ավելի Կենտրոնական բանկի բացված պետական այդ հաշվեհամարին չի կարող տալ: Իմ տրամադրածը եղել է այդ սահմանում»,- ասաց Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս