«Մենք դեմ ենք, որ մրցույթ անցկացվի». «Հեծանվահրապարակ»-ի փոխտնօրեն 

Այսօր Երևանի քաղաքապետարանի շենքի առջև էին հավաքվել «Հեծանվահրապարակ»-ի աշխատակիցները: Պահանջում էին հանդիպում քաղաքապետ Հայկ Մարությանի կամ փոխքաղաքապետներից մեկի հետ: Փոխտնօրեն Աբգար Պետրոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքապետի հետ հանդիպելու փորձեր արել են դեռ 2019-ի ապրիլից, սակայն ապարդյուն:  Հանդիպման առիթի մասին Պետրոսյանը սկզբում մանրամասներ չհայտնեց, որոշ ժամանակ անց նրան հրավիրեցին ներս: Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ ավելի քան 2 ժամ տևած քննարկումից հետո Աբգար Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ տարիներ առաջ «Հայաստան» հ/կ-ին պատկանող Գրիգոր Լուսավորիչ 4 հասցեում գտնվող  հեծանվահրապարակը կայուն դրամական միջոցներ ունենալու ակնկալիքով նվիրաբերել է քաղաքին՝ պայմանով, որ պետք է կառուցվի նոր հրապարակ և ավտոկայանատեղի՝  քաղաքի համար որպես շահույթի աղբյուր: Արդյունքում՝ իրենք ունեցել են Քաղաքապետարանից ստացվող կայուն եկամտի աղբյուր, իսկ քաղաքը՝ իրեն պատկանող հեծանվահրապարակ և ավտոկայանատեղի, որը տրվել է հավատարմագրային կառավարման:

«Մենք գումարը ստացել ենք մրցութային կարգով, բայց մինչև 2019թ-ի նոյեմբերի 2-ը որևէ այլ մեկը չէր կարող շահել այդ մրցույթը, քանի որ որևէ այլ ընկերություն չուներ համապատասխան որակավորում, փորձ՝ հեծանվահրապարակ պահելու: Մենք դեմ ենք, որ մրցույթ անցկացվի, քանի որ հիմա այն կարող է հաղթել, օրինակ՝ լիմոնադի գործարան, բժշկական հաստատություն, որը ավելի քիչ գումար կառաջարկի, օրենքը հիմա դա թույլ է տալիս: Մենք զոհաբերել ենք մեր տարածքը քաղաքի կենտրոնում, որ ունենանք հաստատուն գումար, Քաղաքապետարանը՝ առանց մեկ լումա ծախսելու, մեր սեփականության հաշվին ունեցել է միանգամից երկու կառույց՝ հեծանվահրապարակը և ավտոկայանատեղին, անգամ տարածք չի օտարել, դա եղել է իտալական «Ռենկո»  ընկերության սեփականությունը: Այս դեպքում ինչո՞ւ պետք է մենք այսպիսի մրցույթների մասնակցենք, ընկնենք քաշքշուկների մեջ, առաջարկում ենք մեր գումարը դրամաշնորհի տեսքով տալ մեզ կամ նվիրատվության»,- ասաց Պետրոսյանը:

«Հեծանվահրապարակ»-ին տրվող տարեկան գումարը 49 մլն 500 հազար դրամ է: 2020-ինը Քաղաքապետարանը դեռ չի փոխանցել, աշխատակիցները երկու ամիս աշխատավարձ չեն ստացել: Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Հայաստան» հ/կ-ն գումարը միշտ էլ ստացել է մրցութային կարգով, ուղղակի այնպես է ստացվել, որ մրցութային պայմաններում ներառված են եղել  կետեր, որոնց համապատասխանել է միայն այս կազմակերպությունը:

«Մրցույթը որպես մրցույթ տեղի չի ունեցել, այլ կազմակերպվել է այս ընկերության համար՝ հաշվի առնելով որոշ կետեր, որոնց բավարարում է միայն այս կազմակերպությունը: Նրանք մեծ ներդրում ունեն այն գործում, որ Հայաստանն այսօր ունի նման մարզահրապարակ, բայց համայնքը պետք է առաջնորդվի՝ ելնելով բոլորի շահերից, համայնքը քննարկում է, որ տվյալ ծառայությունը մատուցվի մրցութային կարգով: Մեզ համար շահագործող փոխելը էական նշանակություն չունի, կարևոր է, որ Երևան քաղաքի բյուջեն ծախսվի արդյունավետ, լինի հավասար պայմաններով մրցութային կարգ բոլորի համար, և այն ծառայությունը, որը կարելի է մատուցել ավելի էժան, կարողանան մատուցել ավելի էժան՝ պահելով բարձր որակ: Տվյալ կազմակերպությունը նույնպես իրավունք ունի մասնակցել մրցույթին, հաղթել և ծառայություն մատուցել, մանավանդ, որ ունեն առավելություն, երկար տարիներ իրականացրել են այդ գործառույթը»,- ասաց Վիրաբյանը:

Ինչ վերաբերում է այն խնդրանք-պահանջին, որ գումարի տրամադրման կարգը մրցութայինից փոխեն դրամաշնորհի, Տիգրան Վիրաբյանն ասաց, որ այդ կարգը որոշվել է դեռ այն ժամանակ, երբ պայմանագիր է կնքվել համայնքի, կազմակերպության և երրորդ կողմի միջև: Մրցույթն էլ դեռ չի հայտարարվել, քանի որ նոր տեխպայմաններ են պատրաստվում, ինչը բարդ գործընթաց է: Փոխքաղաքապետը նաև չժխտեց, որ հնարավոր է՝ մրցույթում հաղթեն սպորտի հետ կապ չունեցող ընկերությունները:
Նման պայմաններում գումարը մրցութային կարգով տրամադրելը «Հեծանվահրապարակ»-ի փոխտնօրեն Աբգար Պետրոսյանը նպատակային չի համարում:

«Եթե մենք ենք միայն հասկանում, եթե այլ ընկերություն չկա, ի՞նչ կարիք կա, որ ուրիշ մարդ գա այդտեղ, դա ինքնանպատակ է: Նեղ անձնական շահեր է սպասարկում»,- ասաց Պետրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս