«Ինձ չի հետաքրքրում, թե ինչն են փոխում, ինչ որ Նիկոլ Փաշինյանն ա ասում, ճիշտ ա ասում». քաղաքացին՝ հանրաքվեի մասին

45 օր հետո՝ ապրիլի 5-ին, համապետական հանրաքվեով կորոշվի ՍԴ 9 դատավորներից 7-ի հետագա պաշտոնավարման հարցը: Սահմանադրական փոփոխությունները, որը նախաձեռնել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, նախատեսում է Սահմանադրության 213 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, այն է՝ մինչև Սահմանադրության  7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է:

2015 թվականին ընդունված և այժմ գործող Սահմանադրության փոփոխություններով ՍԴ դատավորները պաշտոնավարելու իրավունք ունեն 12 տարի, մինչև այդ, օրինակ,  1995թ. ընդունված Սահմանադրությամբ ընտրվածները պաշտոնավարելու են մինչև 70 տարեկանը, 2005թ.-ի Սահմանադրությամբ ընտրվածները՝ մինչև 65 տարին լրանալը: Քանի որ ԱԺ որոշմամբ հարցը դրվել է հանրաքվեի, հարցում անցկացրեցինք մեր համաքաղաքացիների շրջանում՝ գնալո՞ւ են հանրաքվեի, թե՞ ոչ, ինչպե՞ս են քվեարկելու, տեղյա՞կ են, թե Սահմանադրության կոնկրետ ո՞ր դրույթն է փոխվելու: Մեր հարցման արդյունքները  վկայում են, որ քաղաքացիների մեծամասնությունը չգիտի, թե կոնկրետ ինչին է «Այո» կամ «Ոչ» ասելու:

«Այո, գնալու եմ: Գաղտնիք է, թե ինչպես եմ քվեարկելու: Չգիտեմ՝ ինչն են փոխելու»:

««Այո» եմ քվեարկելու, իհարկե գիտեմ, ինչն են փոխում»:

«Իհարկե մասնակցելու եմ: Միանշանակ «Այո» եմ ասելու: Մենք ունենք կուսակցականացված ՍԴ, որը չի կարելի, պետք է լինեն անկախ մարդիկ, որ ոչ մեկի ասածին ուշադրություն չդարձնեն, այլ միայն Սահմանադրությանը: Փոփոխություններից հետո ՍԴ-ն ոչ մեկից կախված չի լինի»:

«Ոչ, չեմ մասնակցելու, չեմ ուզում»:

«Այո, պետք է գնանք, բա ոնց:  Թե ինչպես եմ քվեարկելու՝ գաղտնիք է»:

«Դեռ չեմ որոշել՝ գնալո՞ւ եմ, թե՞ ոչ»:

«Ես գնալու եմ, «Ոչ» եմ քվեարկելու: Շատ լավ հասկանում եմ, թե ինչն են փոխելու, և «Ոչ» եմ ասելու: Ես հանրապետական եմ»:

«Հրայր Թովմասյանը ինչքան շուտ գնա, այնքան լավ կլինի: Իզուր տեղը ծախս են անելու: 2.5-2.7 մլրդ դրամը անիմաստ ծախս է ժողովրդի վրա, ավելի լավ կլինի՝ հանրաքվեի չհասնի հարցը: «Այո» եմ քվեարկելու: Չգիտեմ, թե կոնկրետ ինչն են փոխում, բայց որ ժողովուրդը մի հարցով դիմի, ինձ թվում է, լավ կլինի»:

«Չեմ որոշել: Պատկերացում չունեմ, թե ինչն են փոխելու, դրա համար էլ չեմ որոշել»:

«Անպայման մասնակցելու եմ, «Այո» եմ քվեարկելու: Ինձ չի հետաքրքրում, թե ինչն են փոխելու, ինչոր Նիկոլ Փաշինյանը ասում ա, ուրեմն ճիշտ ա ասում»:

««Այո» եմ քվեարկելու: Այնքան կետեր կան, ես ի՞նչ իմանամ՝ ինչն են փոխում»:

«Անպայման «Այո» եմ ասելու, շատ լավ գիտեմ՝ ինչն են փոխում: 2.7 մլրդ-ը մի քիչ շատ է, բայց դե, ինչ արած»:

«Գնալու եմ և «Այո» եմ քվեարկելու: Ես գիտեմ, որ ուզում են ՍԴ ղեկավար կազմին ու դատավորներին փոխել»:

Տեսանյութեր

Լրահոս